Սեպտեմբերի 18-ի կարևոր լուրերը

1. Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ Վիսբադենում՝ Հեսսենի երկրամասային խորհրդարանում, նրան կհանձնվի Հեսսենի Խաղաղության մրցանակը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար:

2. Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան

«Մարտի 1-ի» գործով հերթական նիստին մասնակցելու նպատակով Ռոբերտ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկից բերել են Հակակոռուպցիոն դատարան:

  • Իրավիճակը դատարանի մոտ. Դատարանի բակում ի աջակցություն Քոչարյանի հավաք է նախատեսված, որին արդեն միացել են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ (Գեղամ Մանուկյան, Աննա Գրիգորյան, Աղվան Վարդանյան, Սևակ Խաչատրյան): Նշվում է, որ Քոչարյանի հետ տեսակցությունները թույլատրված են միայն մերձավոր ազգականներին:

3. Սուրեն Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան

Պաշտոնական այցով Չինաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան: Կրթական հաստատության ղեկավարության հետ քննարկումներից հետո ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

4. ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Դիխլոֆոսի» միջադեպի առնչությամբ

Սոցցանցերում տարածված տեսանյութից հետո (որտեղ քաղաքացին պնդում էր, թե խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչում վաճառվող մրգերի վրա) ՍՆՏՄ Արագ արձագանքման բաժինն անհապաղ վերահսկողական միջոցառումներ է սկսել:

5. Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները

Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին Ռուսաստանում մեկնարկել են Պետական դումայի (450 տեղ) ընտրությունները, որոնք տևելու են 3 օր՝ մինչև սեպտեմբերի 20-ը (քվեարկությունն անցկացվում է նաև բռնակցված տարածքներում):

  • Մասնակիցները. Մասնակցում է 10 կուսակցություն: Իշխող «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը գլխավորում է Սերգեյ Լավրովը, առաջին հնգյակում են նաև Սերգեյ Սոբյանինը և ՄՔԴ-ի կողմից հետախուզվող Մարիա Լվովա-Բելովան:

6. Պենտագոնը քննարկում է Եվրոպայից 25 հազար զինվորականի դուրսբերումը

NBC News-ի փոխանցմամբ՝ Պենտագոնը քննարկում է Եվրոպայից մոտ 25 հազար ամերիկացի զինծառայողի, ավիացիայի և սպառազինության դուրսբերման հարցը (ինչը կազմում է Եվրոպայում ԱՄՆ ուժերի 1/3-ը):

Leave a comment