Հայաստանի իշխանությունները փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները՝ սեփականատերերին ստիպելով ազատվել դրանցից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ Գրում է ՌԻԱ նովոստին:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը Երևանին նախազգուշացրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդերային զավթումներից։
«Նման մարտավարությունը իսկական «կրակոց ոտքին» կդառնա Հայաստանի տնտեսության համար՝ հաշվի առնելով, որ ռուսական բիզնեսը հանրապետությունում ստեղծել է տասնյակ հազարավոր աշխատատեղեր և օրինական հիմքերով արդյունավետորեն կառավարում է իր ակտիվները՝ զգալի ներդրում ունենալով Հայաստանի ՀՆԱ-ում», — նրա խոսքերը մեջբերել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշել է Շևցովը, կան նշաններ, որ հաջորդ թիրախները կարող են դառնալ հանրապետության տեղական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները։
Նախօրեին այս խնդրի վրա ուշադրություն էր հրավիրել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նա հայտարարել էր, որ Երևանը իրականացնում է այն օբյեկտների ռեյդերային զավթում, որոնցում Մոսկվան միլիարդավոր ներդրումներ է կատարել։
Շոյգուն հիշեցրել էր, որ 1990-ականներին Ռուսաստանը հանրապետությունը փրկել է տնտեսական և էներգետիկ փլուզումից, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցության տասը տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե երեք անգամ։ Միաժամանակ, արտաքին ուժերը ուղեգիծ են վերցրել Մոսկվայի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ։
Սեպտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինը Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում, բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիմնական թեման դարձել են Եվրամիությանն անդամակցելու Երևանի ծրագրերը։ Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցությունն անհնար է, և կրկին կոչ է արել հանրապետությունում հանրաքվե անցկացնել՝ այս հարցը փակելու համար։
Հանդիպման արդյունքներով նա Հայաստանի վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցերը քննարկելու համար։