Identity theft and Identity self-destruction
Այն, ինչ անում է Ադրբեջանը մեր մշակութային ժառանգության առնչությամբ, դա identity theft է՝ ինքնության գողացում։ Այն, ինչ արվում է Հայաստանում՝ կապված Արարատի սիմվոլի, Ցեղասպանության ճանաչման հետապնդումից հրաժարվելու, Արցախից հրաժարման և այլնի հետ, իմ ընկալմամբ, հանդիսանում է identity self-destruction՝ ինքնության ինքնաոչնչացում։
Ճիշտն ասած՝ պատրաստվում էի գրել «Հայկական երազանքի» շարունակությունը և, մասնավորապես, ներկայացնել Սփյուռքի վերաֆորմատավորման իմ տեսլականը։ Սակայն երեկ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած միտքը, թե Հայաստանի դպրոցներում չպետք է հնչեն «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող գաղափարներ, և կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի դրա դեմ, ստիպեց ևս մեկ անգամ անդրադառնալ շատ ավելի հիմնարար խնդրի՝ ո՞վ և ի՞նչ սահմաններում իրավունք ունի վերաիմաստավորելու մեր ինքնությունը։ Փաշինյանի այդ հայտարարությունը հրապարակվել է սեպտեմբերի 17-ին։
Խնդիրը միայն «Իրական Հայաստանի» գաղափարախոսության բովանդակությունը չէ։ Այդ գաղափարախոսության մեջ կան նաև դրույթներ, որոնց հետ կարելի է համաձայնել՝ ուժեղ պետություն, ինքնիշխանություն, բարեկեցություն, անվտանգություն, պատասխանատվություն սեփական պետության նկատմամբ։ Հարցն այլ է։
Որտե՞ղ է սահմանը պետական քաղաքականության և պետականորեն պարտադրվող աշխարհայացքի միջև։
Մի բան է պետության սահմանադրական և իրավական կարգի մասին ուսուցանելը, բոլորովին այլ բան՝ որոշելը, թե պատմության, հայրենիքի, ազգային իղձերի կամ ինքնության մասին հատկապես որ գաղափարներն իրավունք ունեն հնչելու դպրոցում, իսկ որոնք՝ ոչ։
Առավել ևս, երբ նման աշխարհայացքային փոփոխությունը ներկայացվում է որպես ամբողջ ժողովրդի անունից խոսելու իրավունք։ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 ձայն՝ 49.7456 տոկոս, այսինքն՝ 50 տոկոս և ավելին չի քվեարկել ո՛չ Նիկոլ Փաշինյանի օգտին, ո՛չ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, և ո՛չ էլ «Իրական Հայաստանի» օգտին։ Այսինքն՝ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 50 տոկոսից ավելին չի քվեարկել «Իրական Հայաստանի» օգտին, ինչը նաև կարելի է պնդել, որ անուղղակիորեն դեմ է քվեարկել այդ գաղափարախոսությանը։
Հետևաբար առնվազն քննարկելի է մեկ ուրիշ հարց ևս․ ընտրական հաղթանակը արդյո՞ք նշանակում է մանդատ՝ վերաձևակերպելու մի ամբողջ ժողովրդի պատմական հիշողությունը, ազգային երազանքներն ու ինքնության ընկալումը և այդ նոր ընկալումը կրթական համակարգում ներկայացնելու որպես միակ ընդունելի գաղափարական շրջանակ։
Իհարկե ոչ։ Առավել ևս, որ ընտրություններին մասնակցած 50 տոկոսից ավելին չի քվեարկել այդ գաղափարախոսությանը։
Ազգային ինքնությունը միայն տարածք չէ։ Այն նաև պատմական հիշողություն է, մշակույթ, խորհրդանիշներ, կորուստների գիտակցում, ազգային իղձեր ու ապագայի մասին պատկերացում։ Հետևաբար, երբ սկսում ենք ինքներս մեզ համոզել, որ պետք է դրանցից ոմանցից հրաժարվել՝ այդ ամենից՝ հանուն այսօրվա քաղաքական և տարածաշրջանային իրողությունների, արդեն գործ ունենք ոչ միայն քաղաքականության փոփոխության, այլ, կարծում եմ, գործ ունենք հենց ինքնության ինքնաոչնչացման հետ։ Ինքնության ինքնաոչնչացումն այն է, երբ ուրիշը քեզանից չի խլում քո պատմությունը, հիշողությունը կամ խորհրդանիշները, այլ դու ինքդ ես սկսում հրաժարվել դրանցից՝ մտածելով, որ այդպես ավելի ապահով կամ խաղաղ կապրես։
Մեր կրած պարտությունը չի նշանակում, որ պետք է հրաժարվել ինքնությունից։ Պարտությունը պահանջում է ինքնահայեցում, սխալների ընդունում և ռազմավարության փոփոխություն։ Բայց ոչ ինքնաոչնչացում այն ամենի, ինչը քո ինքնության առանցքն է կազմում։
Ավելին՝ ինքնության ինքնաոչնչացումն ինքնին խաղաղության գրավական չէ։ Եթե հակառակ կողմը տեսնում է, որ յուրաքանչյուր ճնշումից հետո դու ևս մեկ քայլ հետ ես գնում, ևս մեկ գաղափարից ես հրաժարվում և ևս մեկ հարցում լռում, դա կարող է ոչ թե նվազեցնել, այլ մեծացնել նոր պահանջների գայթակղությունը։ Ու Ալիևի դեպքում դա այդպես էլ լինում է։
Պատմությունն ունի դրա օրինակները՝ զիջումների անարդյունավետությունը վկայող օրինակներ։ Հիշենք Չեխոսլովակիան 1938 թ.-ին, երբ Հիտլերին զիջեց Սուդեթիան, իսկ Հիտլերն էլ խոստացավ, որ խաղաղություն կլինի։ Փոխարենը, 1939 թ.-ին, Հիտլերը ամբողջությամբ վերացրեց Չեխոսլովակիայի մնացուկները։
Չի կարելի հաղթանակից արբեցած դիկտատորներին կատարել զիջումներ։ Նրանք գիշատիչներ են, որոնք զիջումն ընկալում են որպես թուլություն, և ախորժակն ավելի է բացվում։
Այստեղ է, որ կարևոր է դիվանագիտական և քաղաքական թասիբը։ Չեմ ասում, թե այն չկա, բայց այն ցցուն դրսևորել է պետք, որ թշնամին հասկանա ու իր չափերն իմանա։ Եվ ոչ միայն գործադիր իշխանության կողմից այն պետք է ցցուն դրսևորվի, այլ նաև քաղաքական համակարգի ու առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության կողմից դրսևորվի, Սփյուռքի կառույցների կողմից, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների կողմից, և բոլորի կողմից պետք է ցցուն կերպով դրսևորել թասիբ։
Թասիբն ագրեսիվություն կամ պատերազմի ցանկություն չէ։ Թասիբը սեփական արժանապատվության սահմանն իմանալն է, քո պատմության ու ինքնության մասին կեղծ պնդմանը չլռելը, սեփական իրավունքները պաշտպանելը և ուժեղ պետություն կառուցելը։
Հետևաբար թասիբը խաղաղության հակառակորդը չէ, այլ ճիշտ հակառակն, որովհետև կայուն խաղաղություն հնարավոր է ոչ թե այն ժամանակ, երբ կողմերից մեկը շարունակաբար հրաժարվում է իրենից, այլ երբ երկուսն էլ հասկանում են՝ մյուսի ինքնությունը, արժանապատվությունն ու պետությունը պետք է հարգել։
Բայց ինչ վերաբերում է դպրոցներում ինչ պետք է հնչի հարցին, ապա դա լավագույնը կարող են ասել հենց ուսուցիչներն ու կրթության փորձագետները։
Խաչիկ Հարությունյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: