ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է 50 000 եվրո վճարել մահացած զինծառայողի հորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանին պարտավորեցրել է 50 հազար եվրո (մոտ 57 հազար դոլար) վճարել զինծառայության ընթացքում մահացած Արթուր Մարգարյանի հորը՝ Պերճ Մարգարյանին։

ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել արժանահավատորեն բացատրել զինծառայող Արթուր Մարգարյանի մահվան հանգամանքները և պատշաճ քննություն իրականացնել։

Սեպտեմբերի 17-ին հրապարակված վճռով դատարանն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ նշելով, որ պետությունը չի կատարել զինծառայողի կյանքի պաշտպանության և նրա մահվան հանգամանքները պատշաճ քննության ենթարկելու իր պարտավորությունները։ ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում, քանի որ Մարգարյանի հայրը չի ունեցել արդյունավետ իրավական միջոց՝ պետության պատասխանատվությունը պարզելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում ստանալու համար։

Մարգարյանը մահացել է 2014 թվականին։ Նա պարտադիր զինվորական ծառայություն էր անցնում և կրծքավանդակի հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր պահակակետի հարևանությամբ գտնվող խրամատում։ Դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածով, սակայն 2016 թվականի փետրվարին քննությունը դադարեցվել էր։ Քննչական մարմինը եզրակացրել էր, որ Մարգարյանն ինքն է իրեն մահացու հրազենային վնասվածք հասցրել։

ՄԻԵԴ-ը նշել է, որ քննությունն ի սկզբանե հիմնված է եղել ինքնասպանության վարկածի վրա, և պատշաճ կերպով չեն ուսումնասիրվել դեպքի այլ հնարավոր վարկածները։ Մասնավորապես, չեն պարզաբանվել դեպքերի ժամանակագրության և կրակոցի ձայնի վերաբերյալ վկաների ցուցմունքներում առկա հակասությունները։ Զենքի վրա Մարգարյանի կամ այլ անձանց նույնականացվող մատնահետքեր չեն հայտնաբերվել, իսկ փորձագետները չեն կարողացել որոշել կրակոցի հեռավորությունը։ ՄԻԵԴ-ի գնահատմամբ՝ դա լրջորեն խոչընդոտել է մեկ այլ անձի կողմից կրակելու վարկածը վերջնականապես բացառելուն։

Բացի այդ, կրակոցի հետքերի առկայությունը ստուգելու նպատակով փորձաքննության ենթարկված չորս զինծառայողներից մեկի մոտ հայտնաբերվել են պղնձի մասնիկներ, որոնք կարող էին համապատասխանել կրակոցի հետքերին։ Սակայն այդ հանգամանքը հետագայում պատշաճ կերպով չի ուսումնասիրվել։

ՄԻԵԴ-ը քննությունը գնահատել է որպես անբավարար և ոչ պատշաճ՝ եզրակացնելով, որ դրա արդյունքները չեն կարող համարվել հուսալի։ Դատարանը նաև նշել է, որ Մարգարյանի հայրը Հայաստանում չի ունեցել քրեական քննության արդյունքներից անկախ արդյունավետ իրավական հնարավորություն՝ պետական մարմինների պատասխանատվությունը պարզելու և փոխհատուցում ստանալու համար։

Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում Պերճ Մարգարյանին վճարել 50 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Armenia Today

Leave a comment