ՔՊ-ական մանդատատեր Հասմիկ Հակոբյանն ասել է (ինչն, անկասկած, նաև իշխող ուժի պաշտոնական դիրքորոշումն է). «Ադրբեջանից կրակոցի դեպքում չսպասեք պատասխան կրակոցի. դա ՀՀ-ին խաղաղություն չի բերի»:
Քաղաքական մտքի նորօրյա գիգանտներին ասեմ, որ խաղաղությունը երկկողմ պայմանագիր է, ոչ թե միակողմանի զոհաբերություն։ Երբ դիմացինը կրակում է, իսկ դու հայտարարում ես պատասխան կրակոցից հրաժարվելու մասին, դու գիտակցված կերպով խրախուսում ես ագրեսորին։ Սա մեկ։
Երկրորդ, ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր պետություն ունի անօտարելի ինքնապաշտպանության իրավունք։ Սեփական զինվորին պատասխան կրակ բացելն արգելելը պետականության առաջնային գործառույթի՝ քաղաքացու և սահմանի պաշտպանության կամովի օտարում է։
Երրորդ, ռազմական գիտության մեջ խաղաղությունը պահպանվում է զսպման մեխանիզմով` հակառակորդին հասցվելիք անհամաչափ պատասխան հարվածի սպառնալիքով։ Երբ թշնամուն նախապես երաշխավորում ես, որ պատասխան չես տալու, դու նրան տալիս ես անպատժելիության կանաչ լույս՝ նոր առաջխաղացումների և էսկալացիայի համար։
Չորրորդ, պատմության մեջ չկա որևէ օրինակ, երբ ագրեսորը կանգ առնի զոհի չկրակելով։ Զինված հարձակումն անպատասխան թողնելը ոչ թե կանխում է պատերազմը, այլ մոտեցնում է դրա ամենակործանարար սցենարը։
Եվ ի վերջո, այս եղանակով խաղաղություն չեն մուրում, այլ սեփական երկրի ինքնիշխանությունն ու զինվորի կյանքն են դնում հակառակորդի մսաղացի տակ։
Տաթև Զորյան
ՀԱԿ վարչության անդամ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: