Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ վերածվել է իսկական «կոտորածի», որը կարող է ձգվել 100 տարի. այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ և նախագահի թեկնածու Մարին Լը Պենը։
«Կա՛մ ՆԱՏՕ-ն կմտնի այս պատերազմի մեջ, ինչի դեպքում այն կվերածվի Երրորդ համաշխարհային պատերազմի, կա՛մ մենք ականատես կլինենք Հարյուրամյա պատերազմի», – ասել է Լը Պենը LCI հեռուստաալիքի եթերում։ Նա նշել է, որ Մոսկվայի և Կիևի միջև ռազմական հակամարտությունն արդեն ավելի երկար է տևում, քան Առաջին համաշխարհային պատերազմը, իսկ զոհերի թիվը հասել է 2 միլիոնի։ «Ոչ ոք չի խոսում դրա մասին։ Սա սարսափելի է», – ընդգծել է ֆրանսիացի ծայրահեղ աջակողմյան առաջնորդը։
Լը Պենը կոչ է արել անցկացնել խոշոր խորհրդաժողով՝ տարբեր երկրների մասնակցությամբ, որպեսզի գտնվեն հակամարտության կարգավորման և պատերազմի ավարտի ուղիներ։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ կցանկանար անձամբ զրուցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։
Նա նաև նշել է, որ բանակցային գործընթացում պետք է ներգրավել Գերմանիային, Լեհաստանին և Թուրքիային։ «Կարծում եմ՝ Ֆրանսիայի պատմական դերը հենց խաղաղությանը տանող բանակցությունների համար պայմաններ ստեղծելն է», – նշել է ծայրահեղ աջակողմյան առաջնորդը։
Լը Պենը հավելել է, որ ստեղծված իրավիճակում Ֆրանսիան չի կարող շարունակել Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրել նախկին ծավալներով։ Այնուամենայնիվ, նա պարզաբանել է, որ Փարիզը պատրաստ է վերապատրաստել ուկրաինացի զինվորներին և զենք մատակարարել Կիևին։
Մարին Լը Պենը նախկինում մի քանի անգամ առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում։ Նա և՛ 2017, և՛ 2022 թվականներին դուրս է եկել ընտրությունների երկրորդ փուլ, սակայն երկու դեպքում էլ պարտվել է Էմանուել Մակրոնին։ Նա մտադիր է չորրորդ անգամ առաջադրվել հաջորդ տարի։ Ակնկալվում է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2027 թվականի ապրիլի 18-ին, իսկ անհրաժեշտության դեպքում երկրորդ փուլը նախատեսված է մայիսի 2-ին։