«Հետք». Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, «Հետքում» հրապարակված «Փոշու ջրվեժ՝ կիսակառույց շենքերից․ ինչ արժե օդը աղտոտելը» հոդվածից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն (ԲԸՏՄ) այսօր պաշտոնական պարզաբանում է տարածել։
Տեսչական մարմինը պնդում է, թե Ավանի ակադեմիայի հարակից շինհրապարակից փոշու արտանետման մեր հրապարակած տեսանյութն ունի «մոտ մեկուկես ամսվա վաղեմություն»: ԲԸՏՄ-ն վստահեցնում է, որ խնդրին արձագանքել է դեռևս օգոստոսի 7-ին, ընկերությանը տուգանել 150 000 դրամով, տվել հանձնարարականներ, իսկ այսօր՝ սեպտեմբերի 16-ին արված կրկնակի այցով էլ ամեն ինչ գտել է պատշաճ վիճակում։
Մեր հրապարակած տեսանյութի վերաբերյալ տեսչական մարմնի այս հայտարարությունն անհիմն է։
Խմբագրության տրամադրության տակ առկա էկրանակադրերը փաստում են, որ քաղաքացի Լուսինե Մկրտչյանը տեսանյութը նկարահանել է ԲԸՏՄ-ի ներկայացրած տուգանքից հետո՝ օգոստոսի 23-ին՝ առավոտյան ժամը 10։50-ի սահմաններում։ Ընդամենը հինգ րոպե անց՝ 10։55-ին, նա այդ տեսանյութն ուղարկել է կառուցապատող ընկերությանը:
Օգոստոսի 6-ին ֆեյսբուքյան իր էջում նույն շինհրապարակի վերաբերյալ ևս մեկ տեսանյութ էր հրապարակել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը։ Թեև կադրում նույն շինհրապարակն էր, սակայն տեսանյութը նկարահանված էր ամբողջությամբ այլ տեղադիրքից ու կապ չուներ մեր հրապարակած տեսանյութի հետ, որն ավելի ուշ է արվել։
Սա նշանակում է, որ ԲԸՏՄ-ի կողմից օգոստոսի 7-ին կիրառված 150 000 դրամ տուգանքը և տրված հանձնարարականները զրոյական ազդեցություն են ունեցել։ «ՄԼ Մայնինգի» աշխատակիցները առնվազն մինչև օգոստոսի վերջ շարունակել են շինարարական աղբը ներքև լցնել։
ԲԸՏՄ խոսնակ Նաիրա Աղաբաբյանից փորձեցինք ճշտել, թե ինչ փաստական հիմքով են հրապարակված տեսանյութին նման վաղեմություն վերագրում, սակայն նա հրաժարվեց բանավոր պարզաբանում տալուց։ Ստացվում է՝ չճշտված տեղեկությունը որպես պաշտոնական պարզաբանում տարածելու համար ԲԸՏՄ-ին լրացուցիչ ընթացակարգեր պետք չեն, իսկ պարզաբանումը բացատրելու համար պահանջվում է գրավոր հարցում։
Թեև և՛ քաղաքապետարանը (ինչի մասին նշված է մեր նյութում), և՛ ԲԸՏՄ-ն վստահեցնում են, որ վերջին օրերին իրականացրած ստուգայցերով շինհրապարակում խնդիրներ չեն արձանագրել, դա չի չեղարկում օգոստոսի 23-ի իրականությունը։ Այս դրվագն ընդամենը վերահաստատում է երեկվա հոդվածի գլխավոր ասելիքը. տուգանքները հաճախ այնքան սիմվոլիկ են, որ վարքագծի փոփոխության չեն բերում ու չեն ծառայում իրենց գլխավոր նպատակին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: