Իրանն անպաշտպան չէ. Արաղչի


ԵՄ-Ն ԿԱՆԱԴԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԴԱՌՆԱԼ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԱՑՎԱԾ ԱՆԴԱՄ


 


Եվրամիությունը Կանադային առաջարկել է դառնալ միության ասոցացված անդամ. սա դեռ լիիրավ անդամակցություն չէ:


 


«Ցանկանում եմ աշխատանքներ սկսել և հող ստեղծել, որ Կանադան դառնա ԵՄ առաջին ասոցացված անդամը», – հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա շեշտել է՝ այս գործընկերությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այն պետք է նպաստի ընդհանուրի բարօրությանը և ուժին:  


 


Մայիսին Բեռլինն առաջարկել էր նման կարգավիճակ սահմանել Ուկրաինայի համար, սակայն այս գաղափարը բավարար աջակցություն չէր ստացել։ Թե կոնկրետ ինչ է ենթադրում ասոցացված անդամի կարգավիճակը, պարզ չէ: 


 


Կանադա-ԵՄ հարաբերություններն ամրապնդվում են հատկապես ԱՄՆ-Կանադա լարվածության և առևտրային պատերազմի ֆոնին։


 


ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԱՄՆ-ԻՐԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՄՏՆԻ ՆՈՐ ՓՈՒԼ. ՎԵՆՍ


 


Առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտությունը կմտնի նոր փուլ՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։ Ջեյ Դի Վենսի խոսքով՝ իրադարձությունների զարգացման երկու փուլ կա, և առաջինն ավարտվել է, դրա նպատակն էր ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը, զինված ուժերը, կարողությունները: «Երկրորդ փուլի էությունն է հնարավորինս պահպանել համաշխարհային կայունությունը և կանխել Իրանի կարողությունների վերականգնումը», – շարունակել է Ջեյ Դի Վենսը։ 


 


Խոսելով Իսրայելի հետ հարաբերությունների մասին՝ ԱՄՆ փոխնախագահը շեշտել է՝ Վաշինգտոնը չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքի հետ կապված հարցերում ամերիկյան արտաքին քաղաքականությունը ստորադասվի Իսրայելին, և անհրաժեշտության դեպքում կարող է հակադարձել Հրեական պետությանը:


 


Հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական Հանրապետության արտգործնախարարը: Աբբաս Արաղչին սուտ է որակել պնդումները, թե Իրանն անպաշտպան է: «Փաստն այն է, որ ամերիկյան հարյուրավոր ռազմական օբյեկտներ հողին են հավասարեցվել, տասնյակ օդանավեր են այրվել։ Եվ դա շատ քիչ մասն է միայն», – նշել է Արաղչին։


 


ԱՅՍ ՊԱՀԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀՐԱԴԱԴԱՐ ՉԿԱ. ԶԵԼԵՆՍԿԻ


 


Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնել են հարվածներ չհասցնել միմյանց էներգետիկ օբյեկտներին: Նա հայտնել է, որ այս պահին էներգետիկ հրադադար չկա: Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան արձագանքում է Ռուսաստանի գործողություններին և երբեք առաջինը չի հարվածում, թույլ դիրքերից անհնար է բանակցել Կրեմլի հետ, ուստի ուկրաինական ուժերը պատասխանելու են ռուսական հարվածներին: Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ վերջին շաբաթներին Ռուսաստանը երկու անգամ փորձել է հարվածել իր ինքնաթիռին, մասնավորապես՝ Մոլդովա այցի ժամանակ:


 


Ռուսաստանի արտգործնախարարն էլ հայտարարել է՝ պատրաստ են Ուկրաինայի հարցով երկկողմ և եռակողմ բանակցությունների, սակայն մեծ պատրանքներ չունեն կարգավորման վերաբերյալ առաջարկների հարցում: Սերգեյ Լավրովը մեղադրել է Եվրոպային՝ պատերազմը ձգձգելու համար, ընդգծել, որ եվրոպացիների հետ Ռուսաստանի անվտանգությանը վերաբերող հարցեր չեն քննարկելու: Նա հավելել է՝ եթե Ուկրաինայում արևմտյան զորքեր տեղակայվեն, դա կնշանակի, որ Ռուսաստանին պատերազմ է հայտարարվում: Միևնույն ժամանակ, Լավրովը հավատացրել է, որ չեն պատրաստվում հարձակվել արևմտյան երկրների վրա:


 


Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Կիևում պահեստներ են հրդեհվել, կան տուժածներ: Դնեպրոպետրովսկի մարզում ավտոբուսին ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հինգ մարդ է զոհվել:


 


Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 71 ԱԹՍ խոցելու մասին: Բրյանսկի մարզում հայտնի է մեկ զոհի մասին:


 


ՓՀԵՆՅԱՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԱՄՆ-ԻՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻՆ


 


Հյուսիսային Կորեան մեղադրել է Միացյալ Նահանգներին և Հարավային Կորեային՝ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու մտադրության համար: Փհենյանից նշում են, որ Վաշինգտոնը և Սեուլը պայմանավորվել են ուժեղացնել համատեղ արձագանքման կարողությունները և զորավարժությունները՝ պաշտպանվելու Հյուսիսային Կորեայից բխող միջուկային սպառնալիքներից: Հյուսիսային Կորեայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա ընդամենը պատրվակ է ռազմական գործակցությունը խորացնելու և Կորեական թերակղզում պատերազմի դեպքում միջուկային, քիմիական և կենսաբանական զենք կիրառելու համար: Փհենյանը նախազգուշացրել է՝ սեփական անվտանգությունը պաշտպանելու համար հյուսիսկորեական կողմը կարող է գործի դնել միջուկային ուժերի վերաբերյալ օրենքի համապատասխան դրույթները։ «Կոչ ենք անում գնահատել հնարավոր հետևանքները և սա ընդունել որպես լուրջ նախազգուշացում», – ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։


 


Ավելի վաղ՝ Փհենյանը դատապարտել էր Միացյալ Նահանգների, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները՝ նշելով, որ այդ երկրների գործակցությունը վերածվում է հարձակողական վտանգավոր դաշինքի:


Դոնալդ Թրամփն էլ հայտարարել էր, որ լավ հարաբերություններ ունի Հյուսիսային Կորեայի հետ, և դա հաշվի առնելով՝ ուրախ չէ, որ Միացյալ Նահանգները իր նախագահությունից առաջ համաձայնել է մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններին, և հանձնարարել է Պատերազմի նախարարին՝ էականորեն կրճատել դրանք:


 


ԱՄՆ-Ն ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԸ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ


 


ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ձեռնարկության նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ Մինսկում Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը։ 


 


Նրա խոսքով՝ Բելառուսն էլ, որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 25 բանտարկյալի։ Նա հավելել է, որ Բելառուսի նախագահի հետ նաև քննարկել են միջազգային և երկկողմ օրակարգի հարցեր, «միջանկյալ պայմանագիր» համաձայնեցրել: Թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ամերիկացի պաշտոնյան չի հստակեցրել։ 


 


Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել աշխատանքները՝ լուծելու մնացած խնդիրները։ Ջոն Քոուլը հավելել է՝ երբ ամեն ինչ հարթվի, նոր բանտարկյալներ ազատ կարձակվեն և կչեղարկվեն հակաբելառուսական այլ պատժամիջոցներ:


 


Օգոստոսի վերջին Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել էր, որ Միացյալ Նահանգներին հաջողվել է հասնել Բելառուսում պահվող 500 բանտարկյալի ազատ արձակմանը, ևս 200 մարդու համաներում է շնորհվել։ Վաշինգտոնն ազատ ազրկված այս անձանց քաղբանտարկյալ է համարում:


 


Հեղինակ՝ Դիանա Գասպարյան

Leave a comment