Ի՞նչ է նշանակում Թրիփի մուտքն ու ելքը իրականացվելու է Ադրբեջանով. հարց Փաշինյանին

Նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով Թրիփ նախագծին, արել է հետևյալ հայտարարությունը. «Թրիփի Հայաստանյան տարածքով անցնող հատվածը, որը համարվում է Հայաստանի տարածք, դրա մուտքն ու ելքը իրականացվելու է Ադրբեջանով»։ Ի՞նչ է նշանակում մուտքն ու ելքը իրականացվելու է Ադրբեջանով։

ԹՐԻՓՓ–ի իրականացման համար ՀՀ գործող օրենսդրությունը արդյոք լիարժեք, ամբողջ ծավալով է կիրառվելու, թե՞ նախատեսվում են փոփոխություններ, որոնք կներառեն այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ դուք բանակցում եք Ադրբեջանի հետ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պտգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Բայրամովը այդպես չի ասել. «Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է հետևյալը. «ՀՀ տարածքում գտնվող հաղորդակցությունների հետ կապված ծավալուն թեմա է, սակայն դրա թե մուտքի, թե ելքի կետը Ադրբեջանի տարածքն է ու Ադրբեջանի սահմանը»։ Այսինքն նկատի ունի, որ Սյունիքից արևմուտք և արևելք համապատասխանաբար Ադրբեջանի սահմանն է»։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ուրիշ որևէ տարբերակ չկա որ Թրիփի երկու մուտքը և երկու ելքը չլինի Ադրբեջանից, չկա ուրիշ տարբերակ։ Թրիփը Ադրբեջանի սահմանից Ադրբեջանի սահման է։ Առաջարկում եք չհիշատակել համաձայնագիրը, բա ի՞նչ անենք, գնանք տեսնենք սադում Գոքորը ինչ է ասում, գանք իրեն մեջբերե՞նք։ Համաձայնագիրը ՍԴ–ն համարել է համապատասխանող Սահմանադությանը և այն գալու է ԱԺ։ Դուք կարող էիք կարդալ համաձայնագիրը և այնտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանները կգտնեիք, կտեսնեիք, որ գրած է՝ Հայաստանի Հանրապետության ինքը իրավազորությունը և այլն քննարկման ենթակա չի, գործելու է իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Մարիան Ղահրամանյանն էլ նշեց. «Ես հարցս շատ ուղիղ տվեցի, դուք շրջանցեցիք այն։ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը տարածվելու է, գործելու է ամբողջ ծավալո՞վ, թե՞ իրականացվելու են փոփոխություններ համապատասխան այն պայմանավորվածությունների, որոնք դուք բանակցում եք։ Ավելի ուղիղ տամ հարցս, ի՞նչ իրավական ռեժիմ է գործելու, ասեք հստակ, ասեք կոնկրետ, ասեք ուղիղ և մի լղոզեք ինքնիշխանության վերաբերյալ ընդհանրական ձևակերպումներով, որոնք տեղ են գտել համաձայնագրում։ Կոնկրետ ասեք՝ ով է որոշում կայացնելու մուտքի ու ելքի պահին»։ Փաշինյանը շատ կարճ պատասխան տվեց. «Հայաստանի Հանրապետությունը, կոնկրետ ասում եմ»։

NEWS.am

Leave a comment