«Ո՞րն է այն ժամկետը, որ սահմանել եք գերիների վերադարձի գործընթացի հետ կապված, որից հետո կհամարեք՝ տապալել եք այդ գործընթացը և հրաժարական կտաք»․ հարց Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ռազմագերիների հարցով հրապարակային քննարկումներն ու դետալների բարձրաձայնումն արդյունավետ չեն և կարող են վնասել գործընթացին»,- կառավարության հետ հարցուպատասխանի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին։

Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել էր Բաքվի բանտում գտնվող հայ գերիների ճակատագրով։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ կառավարությունը բաց չի թողնում ոչ մի առիթ՝ խնդիրը կարևորելու և լուծելու համար, և ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները։ Լիլիթ Գալստյանը հակադարձեց՝ Նիկոլ Փաշինյանն այս հարցի մասով մշտապես թաքնվում է չվնասելու քողի տակ, սակայն իրենք չեն տեսնում իշխող ուժի քաղաքական կամքը այս հարցում։

«Դուք քաղաքական կամքը չեք տեսնում, որովհետև չենք ցուցադրում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ գերիների և անհետ կորածների հարցը երբեք չի հանվում օրակարգից, քանի որ այն առանցքային է խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին։

Մանրամասները՝ տեսանյութում

Թեման շարունակեց «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը։ Նա Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է այն ժամկետը, որը ֆիքսել եք, սահմանել եք ձեզ համար գերիների վերադարձի գործընթացի հետ կապված, որից հետո դուք կհամարեք, որ տապալել եք այդ գործընթացը՝ գերիների վերադարձի, և հրաժարական կտաք։

«Ժամկետը, որ ինձ համար սահմանել եմ, րոպե առաջն է՝ գերիների և անազատության մեջ գտնվողների վերադարձի մասով։ Ինչ վերաբերում է հրաժարականին, էլի հիշեցնեմ ձեզ, որ ես 2018 թվականից ի վեր առնվազն երկու անգամ հրաժարական եմ տվել։

Գիտեք, խաղաղությունը բազմաշերտ երևույթ է։ Այսօր դուք ասում եք, որ Հայաստանի մեր 19 հայրենակիցների համար խաղաղությունը չկա, բայց ես ասում եմ, որ միլիոնավորների համար խաղաղությունը կա։ Եվ քանի դեռ միլիոնավորների համար խաղաղությունը կա, ես կհամարեմ, որ խաղաղությունը կա»։

Տեսանյութը՝ այստեղ

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment