«Վաղուց ասել եմ՝ Սահմանադրության նոր տեքստն ամբողջական է»․ Սրբուհի Գալյան

«Առաջիկա ամիսներին»,- լրագրողների հարցին՝ ե՞րբ պատրաստ կլինի Սահմանադրության նոր տեքստը, ԱԺ կառավարություն հարցուպատասխանից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Հստակեցմանը՝ մինչև տարեվերջ պատրաստ կլինի՞, նա պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո»։

Հարցին՝ ո՞ր փուլում է Սահմանադրության նոր տեքստը, այն ամբողջակա՞ն է, Սրբուհի Գալյանն այսպես պատասխանեց․ «Վաղուց ասում եմ, որ տեքստն ամբողջական է»։ Հարցին՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում հաստատվե՞լ է, թե՞ ոչ, նախարարը պատասխանեց․ «Ոչ։ Շուտով կունենանք նաև նիստեր՝ հնարավորություն ընձեռելով խորհրդի անդամներին ծանոթանալ տեքստին»։ Այն, որ նիստերը կարծես ինչ-որ փուլում չէին անցկացվում, Սրբուհի Գալյանն այսպես մեկնաբանեց․ «Սպասում ենք մեր գործընկեր գերատեսչությունների արձագանքին։ Դրանից հետո հարցերը կքննարկվեն»։

Կա՞ն կետեր, որոնց հետ կապված հակասություններ կան, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Չէի ասի, որ նման կետեր կան»։ Նախատեսո՞ւմ եք մինչև հրապարակայնացնելը ընդդիմադիր ուժերին՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, ներկայացնել նոր Սահմանադրության տեքստը, նա պատասխանեց․ «Առնվազն ընդդիմադիր խորհրդարանական ուժերը սահմանադրական բարեփոխումների խորհրդում մասնակցելու իրավական հնարավորություն ունեն։ Եթե ցանկանում են, կարող են գալ ու մասնակցել խորհրդի նիստերին։ Բայց նրանք երբևէ այդ հնարավորությունից չեն օգտվել և մասնակցություն չեն ունեցել»։

Հստակեցմանը՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի հետ կապված ի՞նչ է լինելու նոր Սահմանադրությունում, նա արձագանքեց․ «Օրենքով սահմանված դեպքերում և կարգով դատարանում գործի քննությունը կարող է իրականացվել երդվյալ ատենակալների ներգրավմամբ։ Մոտավոր այդպիսինն է ձևակերպումը»։

ԱԺ կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment