Այլ տարբերակ չկա, որ TRIPP-ի երկու մուտքը և երկու ելքը չլինի Ադրբեջանից՝ չկա ուրիշ տարբերակ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը:
«TRIPP-ը Ադրբեջանի սահմանից Ադրբեջանի սահման է, և դրա մասին տասնյակ անգամ ասել ենք», – ասել է նա, հայտնում է «Ազատությունը»:
Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի իր գործընկերոջ Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է․ «Թուրքիա-Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ Սա Զանգեզուրի միջանցքի մասն է։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը իրականացվելու է Ադրբեջանից»:
«Ո՞վ է որոշում կայացնելու կոնկրետ մուտքի ու ելքի պահին», – TRIPP-ի վերաբերյալ հարցը կոնկրետացրել է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը:
«Հայաստանի Հանրապետությունը, կոնկրետ ասում եմ», – պնդել է վարչապետ Փաշինյանը:
TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է: Երևանն ու Վաշինգտոնը պայմանավորվել են, որ TRIPP զարգացման համատեղ ձեռնարկությունում Միացյալ Նահանգների մասնաբաժինն առաջին 49 տարում 74, Հայաստանինը՝ 26 տոկոս կլինի: Եթե համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգեն, Հայաստանի բաժնեմասը կավելանա մինչև 49 տոկոս:
TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրն արդեն վավերացման փուլում է: Սահմանադրական դատարանն արդեն որոշել է, որ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը: Այժմ փաստաթուղթը կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման: