Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթները Սահմանադրության տեքստի նախագծում կան։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Եկեղեցու մասին նշումը, այս պահի դրությամբ, Սահմանադրության տեքստի նախագծում առկա է»,- ասաց Գալյանը։
Նա հատուկ ընդգծեց՝ այն, ինչ ասում է, այս պահի դրությամբ է։ Հավելեց՝ նոր սահմանադրության տեքստը, որ կհրապարակվի, չի լինելու վերջնական, լինելու է նախագիծ, որն անցնելու է շրջանառության համապատասխան փուլերով։
Հիշեցնենք՝ դեռ հունիսին Գալյանը հայտարարել էր, որ եկեղեցի–պետություն հարաբերությունները նոր Սահմանադրության տեքստում վերանայելու հարց դեռ չի քննարկվում։ Այն ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը մինչ այդ չէր բացառել, որ եկեղեցի-պետություն հարաբերություններն ու պետության մասնակցության հնարավորությունը եկեղեցու գործունեությանը «թափանցիկության ապահովման» նպատակով կարող են վերանայվել նոր Սահմանադրության տեքստում։