Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշումը, որով արձանագրվում է, որ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին։
Բարձր դատարանի ամբողջական որոշումը՝ ստորև․
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ԹՐԱՄՓԻ ՈՒՂԻ՝ ՀԱՆՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ» ՆԱԽԱԳԾԻ (ԹՐԻՓՓ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Երևան
15 սեպտեմբերի 2026 թվականի
Սահմանադրական դատարանը՝ կազմով.
դատավորներ՝ Արման Դիլանյանի (նախագահող),
Արտակ Զեյնալյանի,
Դավիթ Խաչատուրյանի,
Երվանդ Խունդկարյանի,
Հովակիմ Հովակիմյանի,
Էդգար Շաթիրյանի (զեկուցող),
Սեդա Սաֆարյանի,
Արթուր Վաղարշյանի,
Վլադիմիր Վարդանյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ դիմողի՝ Կառավարության, ներկայացուցիչ՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների, Կառավարության՝ 2026 թվականի հուլիսի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիման վրա դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026 թվականի հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր՝ 2026 թվականի հուլիսի 16-ի թիվ 1042-Ա որոշմամբ հավանություն է տվել 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026 թվականի հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը (այսուհետ նաև՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին Երևանում՝ միջազգային, միջպետական և տարածաշրջանային խաղաղությանը, տնտեսական բարգավաճմանը, տրանսպորտային և հաղորդակցական կապերի զարգացմանը, առևտրի ընդլայնմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների (յուրաքանչյուրը առանձին՝ Կողմ, իսկ միասին՝ Կողմեր) միջև տնտեսական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու նպատակով:
2. Դիմումին կից ներկայացված՝ Արտաքին գործերի նախարարության՝ Համաձայնագրի վավերացման արտաքին քաղաքական նպատակահարմարության վերաբերյալ եզրակացության համաձայն՝ Համաձայնագիրը «կարգավորում է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» (ԹԶԸ [«ԹԶԸ» նշանակում է ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն՝ ԹԶԸ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստեղծվելիք համատեղ ձեռնարկություն, որը Հայաստանում պետք է հիմնադրվի որպես բաժնետիրական ընկերություն]) հիմնադրման և գործունեության հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ հատուկ մեխանիզմների ձևավորումը, բաժնեմասերի բաշխումը, ԹՐԻՓՓ ծրագրի զարգացման, կառուցապատման և կոնցեսիոն իրավունքների իրականացումը, հարկային և մաքսային վարչարարության կազմակերպումը, ինչպես նաև կարգավորիչ բնույթի այլ կարևոր հարցեր։
Համաձայնագրով ամրագրվում է, որ Հայաստանի Հանրապետությունը լիիրավ կերպով պահպանում է իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը ԹՐԻՓՓ նախագծի այն հատվածների նկատմամբ, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս համատեքստում Հայաստանը շարունակելու է իրականացնել իր լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության և Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող բոլոր մաքսային գործընթացների նկատմամբ»։
3. Համաձայնագրով, մասնավորապես, սահմանված է.
* Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության նպատակն է, որ ԹՐԻՓՓ-ը նպաստի տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը, բարգավաճմանը և ինտեգրմանը, ինչպես նաև ստեղծի առանցքային առևտրային ուղի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար նոր շուկաներ բացելու համար, և տնտեսական օգուտներ ստեղծի հայաստանյան ընկերությունների համար ԹՐԻՓՓ-ի կառուցման և գործարկման ընթացքում,
* Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը, այդ թվում՝ միջպետական սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, ԱՄՆ-ի կայուն ներգրավվածությունը և տարածաշրջանային համագործակցությունն ու կայունությունը կնպաստեն ԹՐԻՓՓ-ի հաջողությանը,
* Կողմերը ճանաչում են, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն է պահպանում Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ, և հաստատում են, որ Համաձայնագիրը և ԹՐԻՓՓ-ը կոչված են ծառայելու որպես առանցքային մեխանիզմներ հանուն խաղաղ և ինքնիշխան Հայաստանի,
* ԹՐԻՓՓ-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածություն ապահովելուն՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա, միաժամանակ կապելով Ադրբեջանի հիմնական մասը և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և հանդիսանալով կենսական օղակ Տրանսկասպյան առևտրային երթուղու համար, և ակնկալելով, որ ԹՐԻՓՓ-ը կստեղծի փոխադարձ օգուտներ Հայաստանի Հանրապետության համար՝ միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման առումով։
4. Համաձայնագրի նպատակը և Կողմերի քաղաքականությունն է խորացնել Կողմերի միջև տնտեսական համագործակցությունը՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման և դրա հաջողության ապահովման նպատակով՝ Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշված գործիքների ներդրմամբ։
Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է.
«Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ ԱՄՆ-ը [«ԹԶԸ ԱՄՆ» նշանակում է առևտրային կազմակերպություն, որը պետք է հիմնադրվի Դելավեր նահանգում որպես Միացյալ Նահանգների գործակալություն հանդիսացող Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային (ԶՖԿ) ամբողջությամբ պատկանող դուստր ձեռնարկություն] և Հայաստանը համատեղ հիմնադրեն ԹԶԸ անվամբ համատեղ ձեռնարկություն, որտեղ ԹԶԸ ԱՄՆ-ն կունենա 74% վերահսկիչ մասնակցություն, իսկ Հայաստանը՝ 26% մասնակցություն։
Կողմերը լրացուցիչ նախատեսում են, որ ԹԶԸ-ն կաջակցի ԹՐԻՓՓ-ի իրականացմանը։
ԹԶԸ-ի ստեղծման նպատակով Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ ԱՄՆ-ն և Հայաստանը ստորագրեն երկու առանձին փաստաթուղթ՝ ա) ԹԶԸ-ի կանոնադրությունը և բ) Բաժնետիրական համաձայնագիրը [«Բաժնետիրական համաձայնագիր» նշանակում է Միացյալ Նահանգների և Նյու Յորք նահանգի օրենսդրությամբ կարգավորվող առևտրային փաստաթուղթ, որը կարգավորելու է ԹԶԸ-ի Բաժնետերերի որոշակի իրավունքները և պարտավորությունները, և ԹԶԸ-ի կառավարմանը և ղեկավարմանը առնչվող հարցերը]»։
5. Համաձայնագրի 3-րդ հոդվածի 3 և 4-րդ կետերով սահմանված է.
«3. Կողմերը նախատեսում են, որ Բաժնետերերը նախնական 49-ամյա ժամկետի ավարտից հետո հնարավորություն ունենան փոխադարձ համաձայնությամբ երկարաձգելու 6-րդ հոդվածի 2-րդ կետում նշված իրավունքները ևս 50 տարով։ Այդ դեպքում Հայաստանի մասնակցությունը ԹԶԸ-ում պետք է ավելանա մինչև 49%, և ժամկետի երկարաձգումը պետք է հանդիսանա Հայաստանի կողմից ԹԶԸ-ում իր մասնակցության նման ավելացման դիմաց միակ հատուցումը։ Հայաստանի համար սեփականության բաժնեմասի ավելացումը պետք է լինի ԹԶԸ ԱՄՆ-ի կողմից ժամկետի երկարաձգման դիմաց միակ հատուցումը։
4. Կողմերի կողմից նախատեսվում է, որ Բաժնետերերը, ըստ անհրաժեշտության, ԹԶԸ-ի կանոնադրությամբ և Բաժնետիրական համաձայնագրով պետք է սահմանեն որոշումների կայացման հատուկ մեխանիզմներ՝ փոխադարձ համաձայնություն պահանջող և Կողմերին վերապահված հարցերի համար, որոնց մանրամասները կսահմանվեն ԹԶԸ-ի կանոնադրությամբ և (կամ) Բաժնետիրական համաձայնագրով»։
5. Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագրով ստանձնում է ներքոնշյալ պարտավորությունները.
6.1. Միացյալ Նահանգների հետ համագործակցել ԹՐԻՓՓ-ի իրականացումը հնարավոր դարձնելու ուղղությամբ՝ միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային փոխկապակցվածության, տարածաշրջանային և համաշխարհային առևտրի ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդման նպատակով (հոդված 2, կետ 2),
6.2. Միացյալ Նահանգների հետ համագործակցել ԹՐԻՓՓ-ի ստեղծման ուղղությամբ, և ապահովել, որ երկու Կողմերն ունենան ուղղակի շահագրգռվածություն ԹՐԻՓՓ-ի հաջողության ապահովման գործում (հոդված 3, կետ 1),
6.3. ԹԶԸ-ի կամ դրա հատուկ նշանակության կազմակերպությունների [«Հատուկ նշանակության կազմակերպություն (ՀՆԿ)» նշանակում է ԹԶԸ-ի կողմից հիմնադրվելիք դուստր կազմակերպություն՝ ԹՐԻՓՓ-ի կոնկրետ ուղղության իրականացման նպատակով] կողմից անհրաժեշտ գործարքների կնքմանն աջակցելու նպատակով համաձայնել բացառություններ նախատեսել բաժնետիրական ընկերությունների, գնումների և պետություն-մասնավոր գործընկերության ձևավորման վերաբերյալ Հայաստանի օրենսդրությամբ, ինչպես նաև համաձայնել, որ այդ բացառությունները, ըստ անհրաժեշտության, կնշվեն Բաժնետիրական համաձայնագրում և (կամ) ԹԶԸ-ի կանոնադրության մեջ (հոդված 3, կետ 6),
6.4. ընդունել, որ ԹԶԸ ԱՄՆ-ն մշտապես կհանդիսանա Միացյալ Նահանգների սեփականությունը և կգտնվի նրա վերահսկողության ներքո, և որ որևէ երրորդ կողմ չի կարող ձեռք բերել ԹԶԸ ԱՄՆ-ի նկատմամբ սեփականության իրավունքներ (հոդված 3, կետ 7),
6.5. ընդունել, որ Համաձայնագրի 3-րդ հոդվածի 4 և 5-րդ կետերին համապատասխան՝ ԹԶԸ-ն յուրաքանչյուր ՀՆԿ-ի ստեղծման և դրանում ունեցած իր բաժնեմասնակցության միջոցով իրեն վերապահելու է որոշակի հարցերի առնչությամբ որոշումների կայացման լիազորությունը, որոնք որոշվելու են ԹԶԸ-ի կողմից (հոդված 4, կետ 2),
6.6. համաձայնել, որ ԹԶԸ-ն լիազորված կլինի ընտրելու ՀՆԿ-ների կողմից ստեղծվող յուրաքանչյուր ԹՐԻՓՓ ծրագրի նախագծին աջակցող երրորդ կողմերի, ներառյալ այն երրորդ կողմերին, որոնք հանդես են գալիս որպես տվյալ ԹՐԻՓՓ նախագծի կոնցեսիոներ, հովանավորներ, օպերատորներ, կապալառուներ, ինչպես նաև ԻՄՇ (ինժեներական, մատակարարման և շինարարական) ծառայություններ մատուցողներ (հոդված 4, կետ 3),
6.7. Համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխանող և ԹԶԸ-ի կողմից հաստատված ՀՆԿ-ի հետ կնքել կոնցեսիոն կամ այլ համաձայնագրեր՝ համաձայն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 4 և 5-րդ կետերի (հոդված 4, կետ 4),
6.8. նշանակել պատասխանատու բարձրաստիճան կոնտակտային անձի՝ առաջնորդելու Հայաստանի կառավարության ներգրավվածությունը Համաձայնագրի, ԹԶԸ-ի կանոնադրության և Բաժնետերերի համաձայնագրի կատարման ու իրականացման գործընթացներում՝ Հայաստանի պետական մարմինների միջև արդյունավետ համակարգումն ապահովելու նպատակով (հոդված 5, կետ 1),
6.9. Համաձայնագրի նպատակների իրականացման համար ապահովել համապատասխան օրենսդրության ընդունումը, փոփոխությունը, պահպանումն ու կիրառումը, ինչպես նաև ԹԶԸ-ի և դրա ՀՆԿ-ների համար լիցենզիաների, թույլտվությունների, համաձայնությունների ժամանակին տրամադրումը և կարգավորիչ ընթացակարգերի իրականացումը (հոդված 5, կետ 2),
6.10. հաստատել, որ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան՝ Հայաստանի օրենսդրության հետ որևէ հակասության դեպքում կկիրառվի Համաձայնագիրը (հոդված 5, կետ 5),
6.11. ձեռնարկել Հայաստանի օրենսդրությանը համապատասխանող բոլոր անհրաժեշտ միջոցները և հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքների երկայնքով գտնվող հողերը հանդիսանան կամ կարողանան դառնալ Հայաստանի սեփականությունը և ապահովել, որ այդ հողերը զերծ լինեն ցանկացած ծանրաբեռնվածությունից կամ երրորդ անձանց իրավունքներից, ինչպես նաև կրել այդ գործընթացների հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը (հոդված 6, կետ 1),
6.12. ԹԶԸ-ի հիմնադրումից և ԹՐԻՓՓ-ի իրականացման յուրաքանչյուր գոտին որոշելուց հետո ԹԶԸ-ին տրամադրել 49 (քառասունինը) տարի նախնական ժամկետով հողօգտագործման բացառիկ իրավունքներ, կառուցապատման իրավունքներ, հարակից թույլտվություններ և մյուս բոլոր իրավունքները, որոնք համատեղ կորոշվեն Հայաստանի կառավարության և ԹԶԸ-ի կողմից՝ համապատասխան ԹՐԻՓՓ ծրագրի արդյունավետ զարգացման, շահագործման և (կամ) պահպանման համար, ըստ կիրառելիության, և այդ իրավունքները լրիվությամբ փոխանցելի կլինեն ՀՆԿ-ներին (հոդված 6, կետ 2),
6.13. համաձայնել, որ ԹԶԸ-ին թույլատրվում է մշակել կոնցեսիայի մանրամասն պայմանները, որոնք կիրազեկեն կոնցեսիոների ընտրությունը՝ Համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով (հոդված 6, կետ 3),
6.14. համաձայնել շարունակել մնալ ցանկացած կոնցեսիայի միակ տրամադրողը և, որպես այդպիսին, չհամարել, որ ԹԶԸ-ն ամբողջությամբ կամ մասամբ ստանձնել է Հայաստանի պարտավորությունները, ինչպես նաև չհամարել, որ ԹԶԸ-ն հանդիսանում է կոնցեսիոներ կամ ստանձնել է ՀՆԿ-ների կամ կոնցեսիոներների որևէ պարտավորություն որևէ կոնցեսիայի շրջանակներում (հոդված 6, կետ 4),
6.15. իրականացնել արդյունավետ սահմանային կառավարում և, ՀՀ ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակել պատասխանատու լինել և տրամադրել համապատասխան ենթակառուցվածքներ անվտանգության և իրավապահ գործունեության, սահմանային վերահսկողության և սահմանային անվտանգության, մաքսային և միգրացիոն վերահսկողության, հարկերի և տուրքերի՝ պետական բյուջե փոխանցման, պետական տեղեկատվական համակարգերի, ինչպես նաև պետական վարչական գործառույթների և վերահսկողության համար (հոդված 8, կետ 1),
6.16. գործադրել ՀՀ լավագույն ջանքերը՝ սահմանային անվտանգության և մաքսային հսկողության ժամանակակից ընթացակարգեր ընդունելու, պահպանելու և դրանք օպտիմալացնելու համար՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, օգտագործելով թվային գործիքներ՝ ԹԶԸ-ի կամ դրա ՀՆԿ-ների և ԹՐԻՓՓ-ի փոխգործակցելիությունը տարածաշրջանային տարանցիկ ցանցերի հետ արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով։ Սա կարող է ներառել այնպիսի քայլերի ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են ԹՐԻՓՓ նախագծերի մաքսային և միգրացիոն գործառնությունների «ֆրոնտ օֆիս-բեք օֆիս» («ընդունարան»-«գրասենյակ») գործառնական մոդելի ներդրման համար՝ ԹԻՇ-ին և Համատեղ հռչակագրի սկզբունքներին համապատասխան (հոդված 8, կետ 2),
6.17. համաձայնել օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների հետ անմիջական շփում պահանջող ծառայություններ մատուցելու համար՝ Հայաստանի և ԹԶԸ-ի փոխադարձ համաձայնությամբ (հոդված 8, կետ 3),
6.18. ԹԶԸ-ի կողմից՝ որպես Հայաստանի ռեզիդենտից ԹԶԸ ԱՄՆ-ին՝ որպես Միացյալ Նահանգների ռեզիդենտի բաշխված շահաբաժինները Հայաստանում ազատել հարկումից՝ պայմանով, որ ԹԶԸ ԱՄՆ-ի վերջնական սեփականատերը Միացյալ Նահանգների կառավարությունն է (հոդված 9, կետ 1),
6.19. համաձայնել, որ ԹԶԸ-ն ՀՆԿ-ների կողմից ԹԶԸ-ին բաշխված շահաբաժինների մասով Հայաստանում հարկ չի վճարելու, ինչպես նաև համաձայնել, որ ԹԶԸ-ն ԹԶԸ-ի կամ ՀՆԿ-ի բաժնետոմսերի օտարման դեպքում Հայաստանում կապիտալի շահույթի հարկ չվճարի (հոդված 9, կետեր 2 և 3),
6.20. համաձայնել, որ ԹԶԸ-ն և ՀՆԿ-ները Հայաստանում որևէ հարկ չեն վճարելու Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված՝ Հայաստանի կառավարության կողմից ԹԶԸ-ին կամ ԹԶԸ-ի կողմից ՀՆԿ-ներին իրավունքների փոխանցման գործարքների համար (հոդված 9, կետ 4),
6.21. ձգտել ամերիկյան Կողմի հետ համաձայնության հասնել Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ և բոլոր հնարավոր ջանքերը գործադրել՝ համագործակցության ու խորհրդակցությունների միջոցով դրա իրականացման վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած հարցի փոխադարձաբար ընդունելի լուծմանը հասնելու նպատակով (հոդված 10, կետ 1)։
7. Համաձայնագրի 3-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Կողմերին վերապահված հարցերը վերաբերում են հետևյալին, սակայն չեն սահմանափակվում հետևյալով՝ բաժնետերերի մասնակցություն (այդ թվում՝ ԹԶԸ-ի նկատմամբ վերահսկողության փոփոխություն, ԹԶԸ-ի բաժնետոմսերի փոխանցումներ, ՀՆԿ-ների հիմնադրում և դրանց նկատմամբ սեփականություն), որոշակի խոշոր պայմանագրային և ֆինանսական գործարքներ կնքելու մասին որոշումներ, կոնցեսիոն իրավունքների շնորհում և կոնցեսիոն համաձայնագրերի վերջնական պայմանների սահմանում, ինչպես նաև Համատեղ հռչակագրին, ազգային անվտանգությանը վերաբերող և քաղաքական բնույթի այլ հարցեր։ ՀՆԿ-ների մակարդակում համանման բնույթի հարցերը նույնպես պետք է դիտարկվեն որպես փոխադարձ համաձայնություն պահանջող Կողմերին վերապահված հարցեր, որոնց մանրամասները կսահմանվեն ԹԶԸ-ի կանոնադրությամբ և (կամ) Բաժնետիրական համաձայնագրով։
8. Համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված է, որ Համաձայնագրի ոչ մի դրույթ չի խոչընդոտում Հայաստանի ինքնիշխան տարածքում որևէ անձի կողմից այնպիսի ենթակառուցվածքի կառուցմանը և շահագործմանը, որը ԹՐԻՓՓ նախագիծ չէ։
9. Համաձայնագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանը պահպանում է իր լիազորությունները Հայաստանի ինքնիշխան տարածքում, և Հայաստանի իշխանությունները գործելու նախապատվություն ունեն ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիներում արտակարգ բոլոր իրավիճակների առաջացման դեպքում, ինչպես նաև Հայաստանը պետք է ունենա ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքների ենթակառուցվածքային անվտանգության պլանները հաստատելու իրավունք, իսկ այդ պլաններում մասնավոր անվտանգության անձնակազմի ներգրավման դեպքում այդ անձնակազմը ենթակա կլինի հայաստանյան արտոնագրման պահանջներին։
10. Համաձայնագրի 8-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։
11. Համաձայնագրի 8-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Կողմերը մտադիր են միասին գործել՝ ապահովելու, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքներում սահմանային անվտանգությանն առնչվող բոլոր գործընթացներն ու ընթացակարգերն իրականացվեն ԹՐԻՓՓ-ի բարեհաջող իրագործմանը նպաստող եղանակով՝ Հայաստանի օրենսդրությամբ թույլատրելի շրջանակներում։
12. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված՝ ինքնիշխան պետության հայեցակարգին, 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026 թվականի հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
15 սեպտեմբերի 2026 թվականի
ՍԴՈ – 1840
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին Կառավարությունը դիմել էր ՍԴ՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, այսինքն «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում» ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցը որոշելու համար: Այդ օրվանից սկսած Բարձր դատարանը եռամսյա ժամկետում պետք է դատաքննություն սկսեր և մինչև հոկտեմբերի 17-ը որոշում կայացներ։
ՍԴ-ում դատաքննությունը սկսվել էր երեկ, դատարանը որոշել էր գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով, զեկուցող էր նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: Factor TV-ն դատավորից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք հնարավոր է գրավոր ընթացակարգից անցում կատարվի բանավորի, հաշվի առնելով հարցի վերաբերյալ հանրային հնչեղությունը։
«Բանավոր ընթացակարգի անցնելու կարևորագույն, այսպես ասած հիմքերից կամ նախապայմաններից մեկն է գործի քննության արդյունավետությունը: Տվյալ պայմաններում ես կարծում եմ, գործը կարող է արդյունավետ քննության առնվել նաև գրավոր ընթացակարգի շրջանակներում: Ինչ վերաբերում է հանրային իրազեկմանը, սահմանադրական դատարանի բոլոր որոշումները տեղադրվում են դատարանի կայքում, հրապարակվում են և բնականաբար հասանելի է դառնում հանրությանը»,- ասել էր Շաթիրյանը։
Ստացվում է, ՍԴ-ն կարողացել է մեկ օրում ավարտել դատաքննությունն ու որոշում կայացնել։
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին Երևան ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, հունիսի 1-ին՝ այն վերջնական ստորագրվեց։
Ռոզա Վարդանյան