Չինաստանից՝ Հայաստան․ Հեռավար վիրահատություն «Սլավմեդ բժշկական կենտրոնում»

Չինաստանի Շանհայ քաղաքից՝ ավելի քան 6800 կմ հեռավորությունից (մոտ 9000 կմ երկարությամբ օպտիկական կապուղու միջոցով), «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի Ռոբոտային վիրաբուժության և էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը ռոբոտային հեռավար համակարգի միջոցով ճողվածքներով տառապող 2 հիվանդների մոտ իրականացրել է ճողվածքների պլաստիկա՝ ժամանակակից ցանցային պրոթեզների կիրառմամբ։

Վիրաբույժը Շանհայի «MicroPort MedBot»-ի գլխամասային կենտրոնից հեռավար կառավարել է «Սլավմեդում» տեղակայված ռոբոտային վիրաբուժական համակարգը, իսկ վիրասրահում ներկա «Սլավմեդի» բժշկական թիմը և ինժեներական խումբն ապահովել են վիրահատությունների անվտանգ և անխափան ընթացքը։

Սա կարևոր քայլ է ոչ միայն բժշկական տեխնոլոգիաների կայացման, հայ մասնագետների միջազգային համագործակցության, փորձի և մասնագիտական ներուժի ընդլայնման, այլ նաև բարձրակարգ բժշկության համար աշխարհագրական սահմանների հաղթահարման առումով։ Սա ապագայի բժշկության նախատիպն է և այն սկսում է կայանալ նաև Հայաստանում։

«Այս ձեռքբերումը «Սլավմեդ բժշկական կենտրոնի» մասնագիտական ներուժի և Հայաստանում առաջատար բժշկական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ մեր հետևողական աշխատանքի արդյունքն է։ Այն հաստատում է, որ ժամանակակից բժշկության մեջ աշխարհագրական հեռավորությունն այլևս չի սահմանափակում մասնագիտական կարողությունները։ Վստահ ենք, նման նախաձեռնությունները ամրապնդում են Հայաստանի դերը միջազգային բժշկական ոլորտում»,- ասել է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադիր Արմինե Հովակիմյանը։

Տեխնոլոգիական այս նորարարության շնորհիվ վիրաբույժը կարող է հեռավար կառավարել ռոբոտային վիրաբուժական համակարգը՝ անկախ իր գտնվելու վայրից՝ ապահովելով վիրահատության ճշգրիտ, վերահսկելի և անվտանգ իրականացումը։

Հեռավար վիրահատության կարևորագույն նախապայմաններից են կապի անխափանությունն ու տեխնոլոգիական համակարգերի հուսալիությունը։

Այդ նպատակով նախապես իրականացվել են բազմաթիվ փորձարկումներ և տեխնիկական ու կազմակերպչական աշխատանքներ։ Պացիենտի անվտանգությունն ապահովվել է բազմաշերտ համակարգով․ կապի հնարավոր ընդհատման դեպքում գործում են պահուստային կապուղիներ, իսկ երկու կողմերում անխափան աշխատում են ինժեներական և վիրաբուժական թիմերը։

«Սլավմեդ բժշկական կենտրոնի» Ռոբոտային վիրաբուժության և էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Լևոն Գրիգորյանի խոսքով՝ իրականացված միջամտություններն իրենց ձևաչափով բացառիկ են և նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանում վիրաբուժության զարգացման համար։

«Այս ձեռքբերմամբ Հայաստանը միանում է առաջատար երկրների շարքին. այսուհետ, անհրաժեշտության դեպքում, մենք կարող ենք մեր պացիենտների կողքին լինել աշխարհի բոլոր անկյուններից, որտեղ հասանելի է համապատասխան ռոբոտային համակարգը։ Մեզ համար առաջնահերթը պացիենտի անվտանգությունն է, ինչը հնարավոր է ապահովել բացառապես գերճշգրիտ վիրաբուժական ռոբոտային համակարգերի և ժամանակակից գերարագ կապի միջոցների առկայության պայմաններում, ինչով որ այսօր զինված է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը։ Տեխնիկական նման հագեցվածությունը և բարձր մասնագիտական հմտություններ ունեցող վիրաբուժական թիմի առկայության դեպքում է միայն հնարավոր վիրահատություններն իրականացնել բարձր ճշգրտությամբ և վերահսկելիությամբ»,-ասել է նա:

Այս գործընթացում առանցքային նշանակություն է ունեցել «Սլավմեդում» ներդրված Toumai ռոբոտային համակարգը, որը համալրված է Հայաստանում միակ՝ հեռավար վիրահատությունների համար նախատեսված առանձին մոդուլով, ինչպես նաև բժշկական կենտրոնի գերարագ ինտերնետային կապուղիները։

Վիրասրահում վիրահատությունը վերահսկվել է «Սլավմեդի» մուլտիդիսցիպլինար ռոբոտային վիրաբուժական թիմի կողմից, ովքեր յուրաքանչյուր պահի պատրաստ են եղել անհրաժեշտության դեպքում իրենց վրա վերցնել վիրահատության կառավարումը, ապահովելով պացիենտի անվտանգությունը հենց տեղում։

«Սլավմեդ բժշկական կենտրոնի» ընդհանուր և էնդոսկոպիկ վիրաբույժ Նարեկ Ամիրյանը նշել է․ «Մենք բազմիցս փորձարկել ենք համակարգը, մանրակրկիտ նախապատրաստվել և այսօր արդեն կարող ենք փաստել՝ տեխնոլոգիան հաղթահարեց հազարավոր կիլոմետրերի հեռավորությունը։ Երկու վիրահատությունն էլ շատ հաջող իրականացվեցին»։

Միկրոպորտ Մեդբոտ Ընկերության հիմնադիր Չաո Հեն նշել է․ «Ռոբոտային հեռավար վիրաբուժությունը միայն տեխնոլոգիական առաջընթաց չէ․ այն նոր հորիզոններ է բացում միջազգային մասնագիտական համագործակցության և վիրաբուժական փորձի փոխանակման համար։ «Սլավմեդ բժշկական կենտրոնի» թիմի բարձր մասնագիտական պատրաստվածությունն ու տեխնիկական զինվածությունը կարևոր դեր ունեցան այս միջամտության հաջող իրականացման հարցում»։

«Սլավմեդ բժշկական կենտրոնն» առաջինն է Հայաստանում ներդրել ռոբոտային վիրաբուժությունը և ձևավորել ոլորտում մասնագիտացված մուլտիդիսցիպլինար վիրաբուժական թիմ։ Առաջին ռոբոտային վիրահատություններն իրականացվել են 2025 թվականի դեկտեմբերի 19-ին։ Այդ ժամանակից ի վեր՝ կենտրոնը գրանցում է ռոբոտային վիրաբուժության ուղղությամբ կայուն աճ՝ շարունակաբար ընդլայնելով իրականացվող միջամտությունների շրջանակը։

Իսկ 2026 թվականի հուլիսի 10-ին «Սլավմեդում» իրականացվել էր Հայաստանում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը։ Բելգիայից՝ ավելի քան 3,300 կմ հեռավորությունից, Ալստ քաղաքի OLV հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար, ORSI ակադեմիայի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մոտտրին հեռավար վիրահատել է «Սլավմեդում» գտնվող պացիենտին։

Leave a comment