Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր տեղի ունեցավ արցախցի գործիչ Արթուր Օսիպյանի գործով դատական նիստը։
Արթուր Օսիպյանը մեղադրվում է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, խուլիգանություն կատարելու և քարոզչությանը խոչընդոտելու մեջ։
Արթուր Օսիպյանը ձերբակալվել և կալանավորվել էր նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։
Այսօրվա դատական նիստում հանրային մեղադրողը ներկայացրեց մեղադրանքը։ Նա նախ մեջբերեց Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան գրառումները՝ նշելով, որ Օսիպյանը դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Այնուհետև, ըստ մեղադրանքի, 2026 թվականի մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում իրականացվելիք նախընտրական քարոզչության ընթացքում քարոզչությունը խոչընդոտելու նպատակով Արթուր Օսիպյանն իր օգտահաշվում կատարել է հետևյալ հրապարակումը «Թե Նիկոլը տեղն իմացող կա, ասեք, բռնցնեմ բմբուլները հանեմ օդ։ Բա կերավ մեր միս»։
«Դրանից հետո ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցի շենքի բակ և մոտեցել է նախընտրական քարոզչություն իրականացնող Նիկոլ Փաշինյանին, հնչեցրել նախապես մշակված հարցադրումներ, առանց պատասխաններ ակնկալելու պարբերաբար ընդհատել է վարչապետի պատասխանները և հրաժարվել է լսել նրան, շարունակել է հնչեցնել մեղադրական հարցադրումներ և կատարել սադրիչ արտահայտություններ, մեղադրել այս կամ այն ուժերին սատարելու մեջ, որից հետո վեճի է բռնվել Նիկոլ Փաշինյանի հետ՝ շուրջ 15 րոպե խոչընդոտելով նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը»,- ասաց դատախազը։
Ըստ մեղադրանքի՝ վիճաբանությունը դադարեցնելու նպատակով փորձել են Օսիպյանին հեռացնել նշված վայրից, որի ընթացքում նա ՔՊ անդամների և քարոզչությանը ներկա գտնվող անձանց ներկայությամբ հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք, այն է՝ հնչեցնել է հայհոյանքներ եւ անպարկեշտ արտահայտություններ։
Ըստ հանրային մեղադրողի՝ Արթուր Օսիպյանին մեղսագրվում են արարքներ, որոնք նախատեսված են Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջին մասով, 330-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով և 211-րդ հոդվածի առաջին մասով։
Արթուր Օսիպյանի պաշտպան Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ փաստորեն Արթուր Օսիպյանը 330-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով մեղադրվում է այն բանի համար, որ իր ֆեյսբուքյան էջում որպես քաղաքական գործիչ գրառում է կատարել։
«Հիմնական շեշտը դրվում է նրա այն գրառման վրա, որ՝ «Նիկոլ, քեզ կդնեմ համապատասխան դիրքում ու այնպես կհարդուկեմ, ողնաշարդ կջարդեմ, անասուն»։ Նաև պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այդ գրառումը եղել է «քարոզարշավին խոչընդոտելուց» երկու ամիս առաջ, եւ այդ երկու ամսվա ընթացքում Արթուր Օսիպյանին վարույթ իրականացնող մարմինը չի կանչել հարցաքննության։ Այստեղ հարց է առաջանում՝ բա որ Արթուր Օսիպյանը բռնության կոչ էր արել, եթե դա բռնության կոչ է, ինչո՞ւ վարույթն իրականացնող մարմինն ավելի վաղ միջոցներ չի ձեռնարկել։ Երբ այդ գրառումը կատարելուց երկու ամիս հետո Արթուր Օսիպյանը քարոզարշավի ընթացքում հրապարակային եղանակով Նիկոլ Փաշինյանին հարցադրումներ է արել, պարզ է դարձել, որ դրանից երկու ամիս առաջ գրառում է արել։ Այսինքն՝ մենք կարող ենք հիմնավոր մտածել, որ Արթուր Օսիպյանը փաստորեն այդ պահին ձերբակալվել է, և վարույթն իրականացնող մարմինը հնարավոր բոլոր միջոցները կիրառել է, գործադրել է, որպեսզի մեղադրանքի հիմքում դրված հոդվածները լինեն բազմաթիվ։ Եվ այստեղ պետք է նաև ուշադրություն դարձնել հայտարարության բովանդակությանը՝ ի՞նչ եղանակով ողնաշարը ջարդել, գրառումների մեջ առկա է՝ հարցեր դեմ տալ, հարցադրումներ կատարել։ Այսինքն՝ այստեղ խոսքը գնում է քաղաքական կոշտ խոսույթի մասին, այլ ոչ թե բռնության կոչերի»,- նշեց Դավիթ Հովհաննիսյանը։
Փաստաբանը նաեւ ասաց, որ Արթուր Օսիպյանը որևէ գործողություն չի կիրականացրել։ Եթե խոսք է գնում բռնության կոչերի մասին, նաև պետք է դրա իրատեսական լինելը գնահատել՝ Արթուր Օսիպյանը կարո՞ղ էր բռնություն գործադրել մի անձի նկատմամբ, որը ՀՀ-ում ամենապաշտպանված անձն է և շրջում է անվտանգության աշխատակիցներով։
«Մնացած հոդվածների մասով՝ քարոզարշավին խոչընդոտելու մասով մենք մեղադրանքը չենք ընդունում, որովհետև Արթուր Օսիպյանն ուղղակի հարցադրումներ է կատարել»,- հավելեց պաշտպանը։ Նա ասաց, որ հետագա փուլերում կպարզվի, որ ՔՊ-ի քարոզարշավին խոչընդոտելու հանգամանքը ապացուցված չէ։ Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նաև հարցադրում են բարձրացնելու, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի հարցաքննվել այս գործով, եթե բանավեճը եղել է նրա ու Արթուր Օսիպյանի միջև։
«Մի քիչ տարօրինակ իրավիճակ է՝ փաստորեն, խուլիգանության հանցակազմի հիմքում դրված են այն երկու ոստիկանի ցուցմունքները, ովքեր Արթուր Օսիպյանին դեպքի վայրից ձերբակալել են տարել են վարույթն իրականացնող մարմին»,- նշեց պաշտպանը։
Այսօրվա նիստում Արթուր Օսիպյանը միջնորդություն ներկայացրեց, որ իր ներկայացրած քաղհայցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի փաստաբանի կարծիքը կցվի այս գործին։ «Այլ դատական գործով, որը էլի սրան է վերաբերում, Նիկոլ Փաշինյանի փաստաբանը կարծիք է գրել և պնդում է, որ այն, ինչ տեղի է ունեցել մայիսի 18-ին, ամեն ինչ եղել է օրենքի մեջ։ Միջնորդում ենք, որ այս նամակը՝ իրենց փաստաբանի անունից գրված, կցենք գործին»,-ասաց նա։
Հաջորդ դատական նիստում կհարցաքննվեն վկաները։ Այս գործով հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: