Տեղի է ունեցել Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի՝ Հայաստանի հետ երկխոսությունը՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի գլխավորությամբ

Սեպտեմբերի 14-ին Ժնևում՝ Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 31-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի հետ երկխոսությունը։

Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Պատվիրակության կազմում երկխոսությանը մասնակցել են ՀՀ ԱԳՄԱ, Արդարադատության, Ներքին գործերի, Առողջապահության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի և ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդես է եկել բացման խոսքով՝ անդրադառնալով Հայաստանի հանձնառությունների իրականացման գործում գրանցված առաջընթացին, ընդգծելով առկա մարտահրավերների վերհանման և հասցեագրման, ինչպես նաև Կոնվենցիայի լիարժեք ու արդյունավետ իրագործման կարևորությունը։

Ներկաների ուշադրությանն է ներկայացվել Կոմիտեի դիտարկումների հասցեագրման հարցում Հայաստանի կողմից գործադրված ջանքերը, այդ թվում՝ իրավական, ինստիտուցիոնալ և գործնական քայլերը, որոնք միտված են բռնի անհետացածների և իրենց ընտանիքների համար մարդու հիմնարար իրավունքի պաշտպանության, օրենքի գերակայության և արդարադատության ապահովմանը։

Վերահաստատվել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված անհայտ կորածների և բռնի անհետացածների հարցերի հասցեագրման գործում միջազգային գործընկերների և մարմինների հետ համագործակցությանը, կարողությունների ամրապնդմանը և ամուր իրավական դաշտի ապահովմանը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրին և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերի հասցեագրման վերաբերյալ առկա դրույթին՝ ընդգծելով տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը։

Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով` պատասխանելով Հայաստանի հարցով զեկուցողների և Կոմիտեի մյուս անդամների հարցադրումներին:

Ծանոթագրություն․ Բռնի անհետացումների հարցերով կոմիտեն անկախ փորձագետներից կազմված մարմին է, որն իրականացնում է անդամ պետություններում Բռնի անհետացումներից մարդկանց պաշտպանության հարցերով կոնվենցիայի դրույթների իրականացման մոնիտորինգ։

ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment