Եվրամիությունը շուրջ 1.5 մլն եվրո է հատկացրել հնգամյա հետազոտական նախագծի համար, որը նվիրված է nոր ժամանակաշրջանում կանանց ծիծաղին և հումորին։ Ֆրանսիական Boulevard Voltaire պարբերականը հեգնանքով է գնահատել նախաձեռնությունը՝ այն անվանելով եվրոպական կառույցների անսովոր ծախսերի հերթական օրինակ։
Ինչպես գրում է Boulevard Voltaire-ն՝ La Nouvelle République-ին հղումով, գիտնականները մտադիր են ուսումնասիրել կանանց ծիծաղը գենդերային տեսանկյունից և նորովի դիտարկել հումորի դերը nոր ժամանակաշրջանի եվրոպական մշակույթում։
Նյութի հեղինակը հեգնանքով գիտական մոտեցումը հակադրում է Ֆրանսուա Ռաբլեի հայտնի խոսքին՝ «Ծիծաղը բնորոշ է մարդուն»։ Պարբերականի կարծիքով՝ հումորը գենդերային հատկանիշով տարանջատելու փորձն ինքնին չափազանց ակադեմիական է թվում և բնական մարդկային երևույթը վերածում է բարդ վերլուծության առարկայի։
Հինգ տարի նախատեսված նախագծի աշխատանքներին պետք է միանան մի շարք երկրների մասնագետներ։ Boulevard Voltaire-ը ենթադրում է, որ հետազոտողները կվերլուծեն ստեղծագործություններ, հրապարակային ելույթներ և հումորի այլ դրսևորումներ՝ պարզելու համար, թե ինչ դեր են ունեցել կանայք դրա զարգացման գործում։
Միևնույն ժամանակ, պարբերականը նախագիծն օգտագործում է որպես եվրոպական բյուրոկրատիայի և ԵՄ ծախսերի քննադատության առիթ։ Նյութի հեղինակը կատակով նշում է, որ ֆինանսավորման չափն արդեն կարող է տղամարդկանց ու կանանց միավորել ընդհանուր ծիծաղով, իսկ երկար տարիների աշխատանքի արդյունքը կարող է լինել այն եզրակացությունը, որ հումորի լրացուցիչ գենդերային տարանջատման անհրաժեշտություն չկա։
Վերջում Boulevard Voltaire-ը կրկին անդրադառնում է եվրոպական կառույցների թեմային՝ հեգնելով, որ հետազոտության գլխավոր արդյունքը կարող է դառնալ ոչ թե կանանց հումորի առանձնահատկությունների բացահայտումը, այլ Եվրամիությանն ինքն իրեն ծաղրելու հերթական առիթը։