«Յուրաքանչյուր զինծառայող տնտեսության մեջ գեներացնում կամ ձևավորում է, տնտեսագիտական տարբեր հաշվարկներով, մինչև երեք աշխատատեղ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շիրակի մարզում ռուսական ռազմաբազայում ծառայում են շուրջ 5000 զինծառայողներ, Գյումրի քաղաքում ձևավորվել է շուրջ 15 000 աշխատատեղ՝ ՀՀ-ի ամենաաղքատ մարզում, որտեղ կա շուրջ 46% աղքատություն»,- խորհրդարանում իր ելույթում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը՝ խոսելով Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի տնտեսական բաղադրիչի մասին։
Մանրամասնեց․ «Յուրաքանչյուր զինծառայող տնտեսության մեջ գեներացնում կամ ձևավորում է, տնտեսագիտական տարբեր հաշվարկներով, մինչև երեք աշխատատեղ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շիրակի մարզում ռուսական ռազմաբազայում ծառայում են շուրջ 5000 զինծառայողներ, Գյումրի քաղաքում ձևավորվել է շուրջ 15 000 աշխատատեղ՝ Հայաստանի Հանրապետության ամենաաղքատ մարզում, որտեղ կա շուրջ 46% աղքատություն: Եվ երեկ այս դահլիճում տեսակետ հնչեց, որ մեր քաղաքական առաջնորդ պարոն Սամվել Կարապետյանն ասել է, որ ռուսական ռազմաբազայի դուրս գալու պարագայում Հայաստանը անտեր կմնա, և շատ ճիշտ է արել պարոն Կարապետյանը, որովհետև եթե պատասխանատվություն չեն ստանձնում մեր իշխանությունները, որ Հայաստանի ամենաաղքատ մարզում շուրջ 15 000 աշխատատեղի կորստի վտանգ կա, և մեր ժողովուրդը անտեր կմնա, դա չգիտակցելը չեմ կարող մեկնաբանել որևէ բառով»։
Նաև հավելեց, որ, օրինակ, Գերմանիայում ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել շուրջ 10 000 զինծառայող, և դրա մասին խոսում են նաև Եվրոպայում, որ մինչև 20 000 աշխատատեղի կորստի վտանգ գոյություն ունի:
Հայկ Ֆարմանյանն անդրադարձավ նաև իշխանության ներկայացուցիչների՝ ինքնիշխանության մասին հայտարարություններին․ «Մոտավորապես գիտե՞ք ինչի է նման ձեր ասածը․ ոնց որ, ասենք, ռեստորանում աղցան պատվիրեմ հավով, ասենք՝ հավով աղցան, պատկերացրեք՝ սոուսն այնքան շատ է, որ տակի այդ բովանդակությունը չի երևում: Հիմա այնքան այդ ինքնիշխանության սոուսով խեղդել… որ բովանդակությունը չեք նկատում՝ ինչ է կատարվում իրականում: Ինչ վերաբերում է անվտանգությանը․ անվտանգության բաղադրիչի մասին էլ կարելի է երկար խոսել, և եթե դուք այլընտրանք չեք առաջարկում, և մենք պետք է ապավինենք ադրբեջանցիների և թուրքերի բարեգթությանը, շատ կներեք, ինձ համար դա ինքնիշխանություն չէ: Գուցե դա ձեր ինքնիշխանությունն է, մեր համար դա ինքնիշխանություն չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ընդդիմադիր պատգամավորը նկատում է՝ ցանկացած ինքնիշխանություն բաղկացած է երեք բաղադրիչից․ առաջինը՝ անվտանգություն, երկրորդը՝ արժանապատվություն, և երրորդը՝ բարեկեցություն, և հավելում՝ եթե մենք խոսում ենք կամայական տարածքում բարեկեցիկ ապրելու մասին, Ամերիկայի հայությունը ավելի բարեկեցիկ է ապրում, քան Հայաստանինը, բայց արժանապատիվ չեն, գուցե:
«Պարո՛ն Ֆարմանյան, չարաշահեցիք էլի իմ վստահությունը առ ձեզ: Խոստացաք օրակարգի մասին գոնե մի բան ասել, ես այդպես էլ չհասկացա՝ հիմա Ռուբեն Մխիթարյանին պե՞տք է ընտրել, թե՞ չէ: Ձեր ելույթի միակ կապը քննարկվող թեմայի հետ այն էր, որ ռազմաբազան էլ է Գյումրիում, Ռուբեն Մխիթարյանն էլ գյումրեցի է, ուրիշ ոչ մի կապ չկար»,- ռեպլիկ նետեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Տեսանյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: