Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվում է Վանաձոր և Արարատ նոր խոշորացված համայնքներ ձևավորելու նախագիծը, որը ներկայացրել է ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։
Առաջարկվել է Լոռու մարզի Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման միջոցով ստեղծել նոր Վանաձոր համայնք՝ 22 բնակավայրով։ Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների միավորմամբ նախատեսվել է ձևավորել Արարատ խոշորացված համայնք, որի կազմում կլինի 32 բնակավայր, հայտնում է 1lurer.am-ը:
«Միավորման նախկինում իրականացված 99 ծրագրերով 915 համայնքների փոխարեն այսօր առկա է 64 միավորված համայնքներ, որոնցից 57-ը բազմաբնակավայր: Նախագծի ընդունման արդյունքում համայնքների ընդհանուր թիվը կդառնա 62:
Միավորված նշված ծրագրերն իրականացվել են փնջային կամ շրջանային մոդելներով, և մեր վերլուծություններն ու բազմաթիվ քննարկումները, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջանային մոդելով միավորված համայնքներն առավել արդյունավետ են իրականացնում տեղական ինքնակառավարումը, ունեն առավել զարգացած ենթակառուցվածքներ, ֆինանսական և մասնագիտական կարողություններ»,- ասել է նա:
Առնակ Ավետիսյանն առաջարկել է նախագիծը քննարկել 24-ժամյա ռեժիմով։