Մենք չենք հասկանում՝ պարտադի՞ր է Հայաստանի վրա հարձակման օրն ամեն տարի փառատոնով կամ վարչա-չգիտեմ ինչով նշել։ Այս մասին սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Այսինքն՝ դա պարտադիր պայման է՞․ ուրիշ օր չկա՞ այդ 365 օրվա մեջ», – հետաքրքրվեց Վարդանյանը։
Հիշեցնենք, որ երեկ Երևանում տեղի է ունեցել «Tour of Armenia» հեծանվավազքի փուլը։ Սակայն 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 մարդ։
Ներկայումս, ըստ այն իշխանությունների տվյալների, որոնք մշտապես խոսում են իբր վերջնականապես հաստատված «խաղաղության» մասին, Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրը շարունակում է մնալ օկուպացված։