«Երբ ասենք՝ Արմեն Աշոտյանին մեղադրում են ինչ-որ ֆիկտիվ գործով, որտեղ ոչ տուժող կա, ոչ՝ շահառու, հասկանում ես, որ սա իրականում հարձակում է հենց մեր իրավունքների վրա»․ Լևոն Զուրաբյան

«Այսօր այս դահլիճում կան մարդիկ, որոնք ներկայացնում են քաղաքական ուժեր, որոնց մենք ժամանակին մեղադրում էինք հենց քաղաքական բռնաճնշումների համար, քանի որ այդ ուժերն իշխանությունում էին, բավականին լայնածավալ բռնաճնշումներ էին իրականացնում ժողովրդական շարժման դեմ։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ եմ այստեղ ես այսօր»,-Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի» «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի  ներկայացման ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նա պարզաբանեց՝ այս դահլիճում է, քանի որ հասկանում է, որ այն, ինչ անում են ներկայիս իշխանությունները, հարձակում է բոլորիս քաղաքացիական իրավունքների վրա․ «Երբ ասենք՝ Արմեն Աշոտյանին մեղադրում են մի գործով,  որը կապված է Բժշկական համալսարանի հետ և ինչ-որ ֆիկտիվ գործ է, որտեղ ոչ կա տուժող, ոչ կա շահառու, հասկանում ես, որ սա իրականում հարձակում է հենց մեր իրավունքների վրա։

Երբ Անդրանիկ Թևանյանին մեղադրում են նրա մեջ, որ ինքը ստացել է պետական դավաճանության համար 622 հազար դոլար, նորից հասկանում ես, որ սա աբսուրդի թատրոն է։ Մի հայտնի գործակալ՝ ԿԳԲ-ի, հետո ՖՍԲ-ի կողմից օգտագործվող, Օլդրիչ Էյմսը, որը տասը տարի զբաղվել է նրանով, որ բոլոր ամերիկյան հետախուզական ակտիվները «սլիվ» է արել ռուսներին, և համարվում է, որ ամենամեծ վնասն ամերիկյան հետախուզական ծառայություններին նա է տվել, տասը տարվա մեջ ստացել է 2,5 միլիոն դոլար, հետևաբար մարդկանց մոտ հարցեր են սկսում առաջանել՝ ՖՍԲ «ստավկաներն» այդքան բարձրացե՞լ են, որ փակ ԱԺ նիստի սղագրության համար ՖՍԲ-ն արդեն վճարում է 622 հազար դոլար։ Երբ այդ աբսուրդը պատկերացնում ես, հասկանում ես, որ դա հարձակում է մեր բոլորի իրավունքների նկատմամբ։

Երբ մեղադրում են Նոյեմբերյանի քաղաքապետ Արսեն Աղաբաբյանին, ձերբակալում են նրա համար, որ կիսակառույց շինությունը փոխանակ 100 հազար դրամով տա, տվել է 70 հազար դրամով՝ ավագանու որոշմամբ, դու հասկանում ես, որ գործ ունես մի գժական իշխանության հետ, որն իր կողմից կառուցված աբսուրդի թատրոնում է ապրում։ Սա նորից հարձակում է մեր իրավունքների վրա։

Երբ Բագրատ սրբազանին մեղադրում են ապօրինի գաղտնալսումների վրա սարքված, մոնտաժների մեջ պարունակված կեղծ մեղադրանքներով, դու էլի սա ընդունում ես՝ որպես հարձակում մեր քաղաքացիական իրավունքների վրա։

Նույնը վերաբերում է Ավետիք Չալաբյանի գործին,  էլ չեմ ասում Վեհափառի դեմ մեղադրանքները»։

«Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի ներկայացումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment