Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում անդրադարձել է Գորիսի ՏԻՄ ընտրություններում գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն լինելու թեմային։
«Առուշ Առուշանյանը ոչ թե ՔՊ կուսակցության ցուցակով է հանդես գալու, այլ ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշանյանը»,- ասել է վարչապետը, հայտնում է Radar Armenia-ն:
Նա հավելել, որ 2021 թ. ընտրություններում Գորիսը քվեարկել է ՔՊ-ի օգտին, որից հետո ՏԻՄ ընտրություններում Գորիսը քվեարկել է այնպես, որ Առուշ Առուշանյանն ընտրվել է համայնքի ղեկավար։
«Սա այն դեպքն է, որ ինչ-որ առումով ժողովրդի և գորիսեցիների պարտադրանքին ենք ենթարկվել»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտնել է, որ ձևավորվելիք դաշինքը կրելու է «Համերաշխություն» անունը։
Հոկտեմբերի 25-ին ընտրություններ են անցկացվելու 21 համայնքում։ ԿԸՀ-ի հաստատած ժամանակացույցի համաձայն՝ այդ օրը համամասնական ընտրակարգով ընտրություններ են լինելու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր և Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Գառնի, Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան, ինչպես նաև Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում։