ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կործանարար քաղաքականությամբ միավորեց Հայաստանի քաղաքական ամբողջ ընդդիմությունը, որպեսզի դիմադրեն երկրի ինքնիշխանության կորստին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նշենք, որ րոպեներ առաջ ավարտվել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և մյուս ընդդիմադիր ուժերի անդամների հանդիպումը։
Լևոն Զուրաբյանը նշեց` քաղաքականության մեջ որևէ կանխատեսում անելն անշնորհակալ գործ է, ուստի կդժվարանա ասել, թե որքանով հաջողության կհասնի ընդդիմությունն այս պայքարում։
«Բայց ես գիտեմ մի բան, որ սենց բան չէր եղել, որ այսքան իրարից տարբերվող քաղաքական ուժեր միավորվեին, որոնք իրենց կյանքն անցկացրել են իրար դեմ պատերազմելով, իրար կոկորդ կրծելով»,–ասաց նա։
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե Փաշինյանին հաջողվեց համախմբել ընդդիմությանը, իսկ արդյոք ընդդիմությանը կհաջողվի համախմբել ժողովրդին, Զուրաբյանը նշեց, որ հույս ունի։
«Այս նպատակը որևէ մեկի իշխանության կամ ամբիցիայի մասին չէ։ Այն չի որոշում, թե ով է գալու իշխանության, այլ մի բան` Հայաստանը մնալու է, թե չէ։ Ու այստեղ միայն պրոբլեմը նրանում չէ, որ 3–րդ հանրապետությունն ավարտվում է, այլ նրանում, որ այսուհետ մեր կառավարման ներքին քաղաքական հարցերի գլխավոր երաշխավորը, հավանողն ու կառավարողը լինելու է Իլհամ Ալիևը»,–ասաց Զուրաբյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 4-ի երեկոյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի տանը հանդիպում անցկացրեց ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն` համազգային համախմբման ձևավորման մասին։ Դրա նպատակներն են «ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժումը», «խաղաղությունը՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների», «ազգային ինքնության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանությունը», «ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնումը»։