Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ

Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ այն բանից հետո, երբ «երկկողմ հարաբերությունները պահպանելու բոլոր հնարավոր միջոցները սպառվել են», հայտնել են Ալժիրի պետական լրատվամիջոցները։ Ավելի ուշ ԶԼՄ-ները նշել են, որ որոշումը պայմանավորված է ԱՄԷ-ի, Ալժիրի բնորոշմամբ՝ «սադրիչ և թշնամական գործողություններով», գրում է France 24-ը։

ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունն անմիջապես չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին։ Ալժիրն ԱՄԷ-ի դեսպանին 48 ժամ է տվել՝ «որոշումը կատարելու համար»։

Ալժիրի լրատվամիջոցները նախկինում խիստ քննադատել են ԱՄԷ-ին՝ մեղադրելով նրան տարածաշրջանային անհամաձայնություն սերմանելու փորձերի մեջ։ Անցյալ տարի Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը, առանց ԱՄԷ-ի անունը հստակ նշելու, հայտարարել էր, որ իր երկրի հարաբերությունները Պարսից ծոցի բոլոր պետությունների հետ ջերմ են՝ բացառությամբ մեկի։ Նա Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Օմանի և Կատարի հետ կապերը որակել էր  որպես «եղբայրական», միաժամանակ, մեղադրելով անանուն երկրին Ալժիրի ներքին գործերին միջամտելու և այն ապակայունացնելու փորձերի մեջ։

Լարվածությունն ավելի սրվեց փետրվարին, երբ Ալժիրը սկսեց ԱՄԷ-ի հետ օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը չեղարկելու գործընթացը։ Այն ստորագրվել էր 2013 թվականի մայիսին Աբու Դաբիում։

Թեբունը ելույթներում հաճախ ԱՄԷ-ն անվանում է «միկրոպետություն», որը փորձում է ապակայունացնել տարածաշրջանի մի շարք երկրներ։

«Որտեղ էլ նրանք ոտք են դնում, արյուն է հոսում։ Մենք ուզում ենք, որ նրանք հեռու մնան, որպեսզի մեր երկրում արյուն չհոսի»,- հուլիսին հեռուստատեսային հարցազրույցում ասել էր նա՝ հավելելով, որ ԱՄԷ-ն «շատ բացասական ազդեցություն» է ունեցել։

Թեբունը նաև ասել է, որ դիվանագիտական ​​խզումը «վաղուց կլիներ», եթե Ալժիրը չձգտեր խուսափել արաբական աշխարհում «խորացող բաժանումներից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment