Consumer Choice Center կազմակերպությունը ներկայացրել է World Consumer Airport Index-ի հերթական հետազոտությունը, որտեղ ուղևորների հարմարավետության տեսանկյունից աշխարհի լավագույնն են ճանաչվել Իսպանիայի Barcelona-El Prat Josep Tarradellas-ն ու Գերմանիայի Düsseldorf-ը։
Ուսումնասիրությունն անցկացվել է երկու առանձին խմբերով․ առաջինում ընդգրկվել են տարեկան 47,2 միլիոնից ավելի ուղևոր սպասարկող խոշոր օդային հանգույցները, իսկ երկրորդում՝ համեմատաբար փոքր ծավալներ ունեցողները։ Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել քաղաքային տրանսպորտային ցանցի (մասնավորապես՝ մետրոյի և երկաթուղու) հասանելիությունը, տերմինալների միջև տեղաշարժման հարմարավետությունը, ավիաընկերությունների բազմազանությունը, չվերթների ուշացումների հաճախականությունը, տարածքում հյուրանոցների առկայությունը, ինչպես նաև անվտանգության գոտում սպասման տևողությունը։
Խոշոր օդանավակայանների շարքում առաջատարի դիրքը գրավել է Բարսելոնայի Barcelona-El Prat Josep Tarradellas-ը։ Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Aeroporto di Roma-Fiumicino Leonardo da Vinci-ն, Los Angeles International Airport-ը, Suvarnabhumi-ն, Aéroport Charles de Gaulle-ը, King Abdulaziz International Airport-ը, London Heathrow Airport-ը, Adolfo Suárez Madrid-Barajas-ը, Tokyo Haneda Airport-ն ու Dubai International Airport-ը։
Փոքր օդանավակայանների կատեգորիայում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Düsseldorf-ը, որին հաջորդում են Flughafen Zürich-ը, Københavns Lufthavn-ը, Helsinki-Vantaան, Aeroporto di Milano-Malpensa-ն, Oslo Lufthavn Gardermoen-ը, Flughafen München-ը, Vancouver International Airport-ը, Brussels Airport-ն ու Flughafen Berlin Brandenburg-ը։ Առաջատար երկու հանգույցներում անվտանգության զննության գործընթացը կազմակերպված է առավելագույն արագությամբ․ Բարսելոնայում ուղևորները հերթում ծախսում են ընդամենը երեք րոպե, իսկ Դյուսելդորֆում ստուգումն իրականացվում է գրեթե ակնթարթորեն։
Ցանկի ստորին հորիզոնականներում են հայտնվել Antalya-ն, Guangzhou Baiyun-ը, Flughafen Frankfurt-ը, Gimpo International Airport-ը, Punta Cana-ն և London Stansted Airport-ը։ Այս հանգույցների ցածր ցուցանիշները պայմանավորված են քաղաքի կենտրոնից մեծ հեռավորությամբ, երկաթուղային թույլ կապով, տաքսի ծառայությունների սահմանափակ ընտրությամբ, անվտանգության գոտիների երկար հերթերով և չվերթների պարբերական ուշացումներով։