Քաղաքականություն
17.11.2026 | 14:51
ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։
«Կառավարական հանձնաժողովի նիստի անցկացումից հետո Մարատ Խուսնուլինը նախագահ Պուտինին զեկուցել է Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
ՌԴ կառավարության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ առաջիկայում տեղի կունենա Ղրիմի կամրջի վրա հարձակման հետևանքների վերացման հարցերով կառավարական հանձնաժողովի նիստը՝ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինի գլխավորությամբ։
«Նիստի շրջանակում կքննարկվեն Ղրիմի կամրջի վերականգնման և տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Ուկրաինայի զինված ուժերի՝ Ղրիմի կամրջին իրականացրած հարձակումների կապակցությամբ ահաբեկչության հոդվածով քրեական գործ է հարուցել, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ Քննչական կոմիտեն նշել է, որ հարվածի հետևանքով «կառույցը վնասվել է», սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել։
«Նոյեմբերի 16-ին և 17-ին ուկրաինական զինված կազմավորումները անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Ղրիմի կամրջի վրա, ինչի հետևանքով կառույցը վնասվել է»,- հայտարարել են ՌԴ Քննչական կոմիտեից։
Սոցիալական ցանցերում և մոնիթորինգային ալիքներում տարածված լուսանկարներից և տեսանյութերից դատելով՝ գիշերային հարձակումից հետո փլուզվել են ավտոմոբիլային կամրջի կամարն ու դրա տակ գտնվող կամրջային թռիչքային հատվածը։ Նախորդ օրը տեղի ունեցած հարվածներից հետո Մոսկվայի կողմից նշանակված Ղրիմի իշխանությունները հայտնել էին կամրջի ավտոմոբիլային հատվածով երթևեկության դադարեցման մասին։ Երեքշաբթի դադարեցվել է նաև ավտոմեքենաների և գնացքների երթևեկությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի