Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Դան Նեկուլաեսկուի հետ

Նոյեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Դան Նեկուլաեսկուի հետ։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև գործընկերության զարգացման հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի այցելություններին, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու ընկալմամբ։

Նախարարները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, տնտեսական կապերի դիվերսիֆիկացման և հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներ հասանելիության ընդլայնման հնարավորությունների շուրջ։ 

Նախարար Միրզոյանը և Դան Նեկուլաեսկուն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հարցեր։ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ռումինիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ հայկական արտադրանքի նկատմամբ ԵՄ առևտրային ինքնավար միջոցների կիրառման հարցում։ 

Հայաստանի և Ռումինիայի նախարարները մտքեր են փոխանակել Սևծովյան և Հարավային Կովկասի տարածաշրջաններում անվտանգային հարցերի շուրջ:

ԱԳՄԱ նախարարություն

Leave a comment