13 տոննա ոսկու հանքաքար են հափշտակել և սեփական լաբորատորիայում ոսկի կորզել

Սյունիքի մարզում առանձնապես խոշոր չափի գողության դեպք է բացահայտվել։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 21-ին «Լիճքվազ-Թեյ» ոսկու հանքավայրից հափշտակվել է շուրջ 13 տոննա ոսկու հանքաքար։

Քննությամբ պարզվել է, որ 61-ամյա Սյունիքի բնակիչը, ներգրավելով հանքաքարի արդյունահանման ոլորտի ևս չորս մասնագետների, նախապես անջատել է հանքի տեսահսկման տեսախցիկները և կազմակերպել հանքաքարի հափշտակությունը։

Մոտ 10 տոննան պահվել է հանքի տարածքում, իսկ 3 տոննան տեղափոխվել է Մեղրիի Արաքսաշեն թաղամաս՝ տղամարդուն պատկանող չգործող քարի արտադրամասին հարակից շինություն։ Այնտեղ կահավորել են ոսկու կորզման լաբորատորիա և Երևանից ձեռք բերված քիմիական նյութերով փորձել ոսկի ստանալ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանց դա հաջողվել է։

MediaHub-ի հարցերին Մեղրիի համայնքապետարանից հրաժարվել են պատասխանել՝ հարցը թողնելով Քննչական կոմիտեի իրավասությանը։

Մինչդեռ Վարդանաշենի բնակիչը MediaHub-ի հետ զրույցում հայտնել է, որ ճանաչում է այդ անձանց, որոնք, իր խոսքով, փորձել են ապօրինի ճանապարհով հարստություն կուտակել։ Բնակիչը կատարվածը բնութագրել է որպես խմբակային հանցագործություն։ 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով։ Քննչական կոմիտեն դեռևս չի հրապարակել կորզված ոսկու քանակի, պատճառված վնասի և կասկածյալների նկատմամբ կիրառված դատավարական միջոցների վերաբերյալ տեղեկություններ։

Կասկածվող անձինք համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a comment