ArmDay.am | Մեղրիի քաղաքապետը կալանավորվել է

Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»,–մանրամասնել է ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Հիշեցնենք, որ երեկ գրել էինք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանին։ Մեր տեղեկություններով, ենթադրյալ կաշառք տալ/ստանալուն է վերաբերում գործը, ինչի շրջանակում ձերբակալվել է Անդրեասյանը։ Խաչատուր Անդրեասյանը Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի մայիսի 30-ից։

Leave a comment