ՊԵԿ-ը պարբերաբար ստուգումներ է իրականացրել Նալբանդյանի բիզնեսներում (PAN.am)

Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ստուգել է Նարեկ Նալբանդյանի հետ փոխկապակցված բիզնեսները, այդ թվում՝ «88» սուպերմարկետների ցանցը, հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Նա ընդգծել է, որ ստուգումները չեն իրականացվել քաղաքական կամ անձնական կապերի հիման վրա, այլ կատարվել են ռիսկերի գնահատման համակարգով, հայտնում է Factor.am-ը:

ՊԵԿ նախագահի փոխանցմամբ՝ իր պաշտոնավարման ընթացքում Նալբանդյանի հետ փոխկապակցված տարբեր բիզնեսներ պարբերաբար հայտնվել են կոմիտեի ուշադրության կենտրոնում։

«Եթե ռիսկերի համակարգով մենք տեսել ենք՝ որևէ ռիսկ կա, անցած տարի էլ է եղել, այս տարի էլ է եղել։ Իմ պաշտոնավարման ընթացքում պարբերաբար տարբեր բիզնեսներ հայտնվել են մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է նա։

Հակոբյանը հայտնել է, որ վերջին ստուգումներից մեկն իրականացվել է այս տարվա առաջին կեսին։ Արձանագրված խախտումների վերաբերյալ կոնկրետ թվեր ՊԵԿ նախագահը չի հիշել՝ նշելով, որ հայտնաբերվել են ինչպես էական, այնպես էլ փոքր ու միջին խախտումներ։

ՊԵԿ նախագահը նաև հայտնել է, որ Փաշինյանի՝ Նալբանդյանի վերաբերյալ հայտարարություններից հետո վերջինիս բիզնեսներում նոր ստուգումներ չեն իրականացվել։ Միաժամանակ Հակոբյանը հերքել է, որ հարկային ստուգումները կարող են կատարվել քաղաքական իշխանության ցուցումներով։

«Մենք այդ ձևով չենք աշխատում պետական եկամուտների կոմիտեում։ Բոլոր բիզնեսները՝ կախված իրենց ռիսկերից, անցնում են մեր ստուգումներով»,-ասել է նա:

Հակոբյանի խոսքով՝ ստուգումների համար հիմք կարող են հանդիսանալ ինչպես օպերատիվ գործողությունների արդյունքում ստացված տեղեկությունները, այնպես էլ գրասենյակային վերլուծությունները և արհեստական բանականության գործիքների միջոցով հայտնաբերված ռիսկերը։

Նա նաև ընդգծել է, որ քրեական վարույթների շրջանակում իրականացվող գործողությունները, այդ թվում՝ բիզնեսների կապարակնքումը, ՊԵԿ-ի հարկային վարչարարության գործիքակազմի մաս չեն կազմում և իրականացվում են իրավապահ մարմինների կողմից։

Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ գործարար Նարեկ Նալբանդյանը նյարդայնացնում է իրեն և իր ընտանիքին։

«Ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն։ Եվ եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի քան դաժան, քան սովորական ձևերով»,- ասել էր վարչապետը։

Փաշինյանի հայտարարությունից ժամեր անց հայտնի է դարձել, որ 2026 թվականի փետրվարի 26-ին «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել։ Գլխավոր դատախազությունից չեն մանրամասնել, թե վարույթը Քրեական օրենսգրքի որ հոդվածով է նախաձեռնվել։

Leave a comment