Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ՞. ԵՊՀ-ից չեն կողմնորոշվում՝ ինչ պատասխան տալ

Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետը դիմել էր ռեկտորին, որ «Հայոց պատմություն» առարկան հանվի ուսումնական ծրագրից ու չդասավանդվի։ Այս մասին ահազանգել էր 168.am-ը։

Նշվում է, որ այս մտքի հեղինակը եկեղեցու դեմ արշավին միացած, տիրադավ անունը ստացած Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն է, ով ֆակուլտետի նախկին դեկանն է։ Նրա միտքը, ըստ լրատվամիջոցի, իրականություն է դարձրել Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Պարգև Բարսեղյանը։

Aysor.am-ի հետ զրույցում Պարգև Բարսեղյանը ցանկություն չուներ այս թեմայի շուրջ խոսելու։

«Ես դրանք չեմ մեկնաբանում, ես հիմա զբաղված եմ, ամեն մեկի մտքի թռիչքը չեմ մեկնաբանի»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ այսինքն չի էլ հերքո՞ւմ՝ Բարսեղյանն արձագանքեց. «Ուղղակի չեմ մեկնաբանում»։

Aysor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Երևանի պետական համալսարանից։ ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը խոստացավ պարզաբանում ուղարկել, հետո, սակայն, ասաց, թե սպասում է՝ ամբիոնի վարիչի հետ զրուցի, նոր մեկնաբանություն տա, այն էլ ամբիոնի վարիչին այդպես էլ չգտավ ու կապի դուրս չեկավ։

Նշենք, որ տևական ժամանակ է՝ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնը թափուր է ու մրցույթ չի հայտարարվում։

2025 թվականի հուլիսի 11-ին ԵՊՀ ռեկտորի հրամանով Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն ազատվել էր Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից։ Ժամկոչյանի հեռացումից հետո մեկ անգամ դեկանի ընտրության մրցույթ է կազմակերպվել, բայց չի կայացել, որովհետև այդ պաշտոնի համար դիմողներ չեն եղել:

Հիշեցնենք՝ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ ԵՊՀ ռեկտորը տարբեր շրջանակներում արդեն բաց խոսում է, որ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և իշխանությունները կողմ են, որ նա լինի ֆակուլտետի դեկանը:

Aysor.am

Leave a comment