«Ինչպես Սահմանադրության հարցը չենք քննարկում Ադրբեջանի հետ, այնպես էլ ՀՀ-ին որևէ մեկը չի կարող պարտադրել հանրաքվե անցկացնել»․ Սարգիս Խանդանյան

«Մեր դիրքորոշումն այս հարցում շարունակում է մնալ անփոփոխ․ ՀՀ ներքին օրակարգային հարցերը, Սահմանադրության փոփոխության հարցը երրորդ կողմի հետ չենք քննարկում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի մտահոգություններին ՀՀ Սահմանադրության հետ կախված, շարունակում ենք պնդել, որ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրն ամբողջ այդ մտահոգությունները փարատում է՝ հավի առնելով, որ այդ համաձայնագիրն իր եզրակացությունն է ստանալու ՀՀ ՍԴ-ում»,- հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությունները, երբ շտապեցնում է իրականացնել ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Փաստմանը՝ տեղեկություններ կան, որ Սահմանադրության նոր տեքստից Անկախության հռչակագրի հեռացնելը ՔՊ-ում տարաձայնություններ է առաջացրել, Սարգիս Խանդանյանն այսպես արձագանքեց․ «Միանշանակ չկան նման տարաձայնություններ»։

Հարցին՝ ինչո՞ւ չի ստորագրվում խաղաղության համաձայնագիրը, Սևակ Խանդանյանը պատասխանեց․ «Մենք ուզում ենք, որ վաղը ստորագրենք պայմանագիրը, այդ հարցը պետք է տալ Ադրբեջանի գործընկերներին»։

Սարգիս Խանդանյանը չգիտեր, որ ինչպես Ջեյհուն Բայրամովն է հայտարարել, առաջիկայում սպասվում է ՀՀ-Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։ Կատակով ասաց․ «Ես առաջարկում եմ ամեն առավոտ ունենանք այս բրիֆինգը»։

Լրագրողների դիտարկմանը՝ լուրեր կան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է թթու խոսք չասել ՌԴ-ին, Սարգիս Խանդանյանն արձագանքեց․ «Մեր ու ՌԴ-ի հարաբերությունները շարունակում են լինել բարեկամական, և մենք չենք ուզում առճակատման գնալ ՌԴ-ի հետ։ Ես իմ դիրքորոշումն այս հարցի շուրջ չեմ փոխել։ Հանրաքվե անցկացնելու որոշումը ՀՀ ինքնիշխան որոշումն է։ Ինչպես Սահմանադրության հարցը չենք քննարկում Ադրբեջանի հետ, այնպես էլ այս հարցը․ ՀՀ-ին որևէ մեկը չի կարող պարտադրել հանրաքվե անցկացնել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment