Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» (Churches for Middle East Peace) կազմակերպության պատվիրակությանը։ Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի ուղեկցությամբ, ով Վեհափառ Հայրապետին է ներկայացրել հյուրերին և կազմակերպության ծավալած գործունեությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր է գնահատել կազմակերպության ջանքերը խաղաղության ամրապնդման, քրիստոնեական համայնքների իրավունքների պաշտպանության և միջեկեղեցական համագործակցության զարգացման ուղղությամբ։ Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Մերձավոր Արևելքում և աշխարհում ընթացող հակամարտություններին ու դրանց հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամերին։
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը հատուկ բարձրացրել է բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրները։ Նա նաև ներկայացրել է Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած արդի մարտահրավերները՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերվող զորակցության համար։
Պատվիրակության ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքները ամերիկյան եկեղեցական ու հասարակական շրջանակներում Հայոց Եկեղեցու առաքելության և հայ ժողովրդի խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։ Հանդիպմանը քննարկվել են նաև Մերձավոր Արևելքում հայկական ներկայության, հոգևոր ժառանգության պահպանման և տեղի հայ համայնքների առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղված համատեղ քայլերը։