Սահմանադրական հանրաքվեի անցկացումը Հայաստանի համար հղի է բացասական հետևանքներով։ Այս մասին հայտարարել է իրավաբան Արթուր Դանիելյանը՝ միավորված ընդդիմության ներկայացուցիչների և իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հանդիպումից հետո ԶԼՄ-ների հետ զրույցում։
«Ալիևի պահանջով հանրաքվե անցկացնելու փաստն ինքնին նահանջ է ինքնիշխանությունից։ Եթե ժողովուրդն ընդունի նոր սահմանադրությունը, մենք կկորցնենք անկախության հիմքը՝ Հռչակագիրը։ Համաձայնելով՝ մենք ընդունում ենք, որ գործող սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում։ Եթե ժողովուրդը դեմ արտահայտվի, հակառակորդը կսկսի հայտարարել, թե մենք ագրեսոր ենք և դեմ ենք խաղաղությանը։ Այսինքն՝ երկու տարբերակն էլ մեր շահերից չեն բխում», — ընդգծել է Դանիելյանը։
Հակադարձելով այն մեղադրանքներին, թե ընդդիմությունը դեմ է նոր սահմանադրությանը՝ ծանոթ չլինելով դրա բովանդակությանը, իրավաբանը նշել է, որ բովանդակությունն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է հասկանալ հանրաքվեի անցկացման հետևանքները։
Նա նաև նկատել է, որ իշխանությունները նոր սահմանադրությունն ընդունելու այլ իրավական ճանապարհ չունեն. ստորագրահավաքի մասին խոսակցություններն անհիմն են, իշխող ուժը սահմանադրական մեծամասնություն չունի, իսկ նոր ընտրությունների անցկացումը հակասում է ժողովրդավարությանը, քանի որ վերջերս արդեն ընտրություններ են եղել, և ժողովուրդը նրանց հնարավորություն չի տվել միանձնյա որոշելու ամեն ինչ։