«Մի քանի օրում Նիկոլ Փաշինյանը գործ սարքեց, որ Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահի»․ Նարեկ Կարապետյան

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ՔՊ-ն հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրեց Ծովինար Վարդանյանին։

Էդգար Ղազարյան

Այս առիթով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հիշեցրեց, որ Ծովինար Վարդանյանի հայրը մինչև 2018-ը նախկին իշխանությունների տարիներին եղել է պաշտոնյա․ 1993-ին զբաղեցրել է ՀՀ պետնախարարի պաշտոնը, 1995-1998-ին ՊՆ նախարարի տեղակալի, այնուհետև բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնը։ Ու նրան ներկայացնող ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանին հարցրեց՝ այդ հանգամանքները ձեր խմբակցությունում արժեհամակարգային տեսանկյունից կոնֆլիկտ չեն առաջացնո՞ւմ այդ թեկնածուի առաջադրման հետ կապված։ Արուսյակ Մանավազյանը Էդգար Ղազարյանի հարցին չպատասխանեց։ Էդգար Ղազարյանն էլ հորդորեց նրան պատասխանել իր հարցերին՝ նշելով, որ պատգամավորը չի կարող հրաժարվել։

Ծովինար Վարդանյան

Միջամտեց Ծովինար Վարդանյանը․ «Ըստ երևույթին առ այսօր ընդդիմադիր գործիչները չեն հասկացել, որ ոչ թե պաշտոնի առկայությունն է խնդիր եղել, այլև պաշտոնը սեփական շահի համար օգտագործելու, կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու, տարբեր այլ օրինազանցություններ կատարելու փաստը։ Երբ սկանդալային այդ հարցերը տալիս եք, խնդրում եմ ձեր քաղաքական առաջնորդին հարցրեք գեներատորների մասին, որոնք տեղակայված էին Քելբաջարի տարածքում, որոնք այդտեղից հանվել են և դա ներկայացվել՝ որպես կորուստ և պետական բյուջեից աջակցություն են ստացել»։

Նարեկ Կարապետյան

Այս խոսակցությանը միջամտեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու ասաց․ «Բոլորի ընտանիքի անդամների մասին հարցերը տրվել են այստեղ ու տրվել են հիմնականում ձեր քաղաքական ուժի բերած օրակարգի արդյունքում։ Ընտանիքի անդամների հետ կապված ոչ մեկին հաճույք չեն պատճառում այդ հարցերը։ Դուք երևի գիտեք, կարող եք ճշտել, որ Ձեր ասածը, նկարած քրեական գործի արդյունք է, որը ձեր ուժի ղեկավարը, այսօրվա ՀՀ կառավարության ղեկավարը սարքեց մի քանի օրվա ընթացքում, որ կարողանա առիթ ունենալ Սամվել Կարապետյանին պահել կալանքի տակ։ Ինչևէ, այսօր բոլորը գիտեն՝ ով է սեփականատերն այդ գույքի, որ Սամվել Կարապետյանն աղերս չունի այդ գույքի հետ։ Ունի բազմաթիվ նախագծեր, որտեղ մենք ներգրաված ենք եղել, բայց այդ մեկի հետ կապ չունի։ Անգամ Երևանում գիտեն՝ ով է սեփականատերը։ Կներեք, եթե պարոն Ղազարյանի հարցը Ձեզ ցավ է պատճառում, դա քաղաքական գնահատական է, ի պատասխան Ձեր խոսույթի»։

Էդգար Ղազարյանը հորդորեց դեմ քվեարկել Ծովինար Վարդանյանի թեկնածությանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը «դեմ» քվեարկեց Ծովինար Վարդանյանի թեկնածությանը, սակայն նա ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment