«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բանավեճն է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի միջև։ Միջադեպի առանցքում են հայտնվել պատգամավորի հոր նախկին պաշտոնավարման վերաբերյալ ակնարկները, ինչպես նաև 2023 թվականի աշնանը Դուբայում անցկացրած ենթադրյալ հանգստի մասին մամուլի հրապարակումները։

ԱԺ հանձնաժողովի նիստում Էդգար Ղազարյանը, վկայակոչելով «Հրապարակ» օրաթերթի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի հրապարակումը, պնդել է, թե ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն ու նրա քույրը՝ Երևանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը, իրենց հանգիստն են անցկացրել Դուբայում։ Ղազարյանը շեշտել է, որ այդ հրապարակումն առանձնացրել է այն պատճառով, որ դա տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի վերջին՝ այն նույն ժամանակահատվածում, երբ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո շուրջ 120,000 արցախահայություն բռնի տեղահանվում էր Արցախից։

«Ես ուզում եմ իմանալ՝ դուք, որպես հանրային ծառայող, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձ, ի՞նչ պատասխանատվություն և հանրային ծառայողի, պաշտոնյայի ի՞նչ գիտակցում եք ունեցել հենց այդ օրերին ձեր հանգիստը անցկացնելու ձեր քույրիկի հետ»,- հայտարարել է Ղազարյանը՝ հիշեցնելով նաև պատգամավորի քրոջ՝ 2019 թվականին արված աղմկահարույց սոցիալական գրառումը։

Մինչ այդ Ղազարյանը նաև ակնարկներ էր արել Ծովինար Վարդանյանի հոր վերաբերյալ՝ նշելով, որ մամուլում տարբեր սկանդալային հրապարակումներ կան։

Ի պատասխան Էդգար Ղազարյանի հարցադրումների՝ Ծովինար Վարդանյանը նախ անդրադարձել է իր հոր վերաբերյալ հնչեցված հայտարարություններին։ Նա ընդգծել է, որ հոր պաշտոնանկությունից հետո նախկին իշխանությունները մանրազնին հետաքննել են նրա բոլոր գործերը (այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության ներգրավմամբ), որպեսզի փորձեն ճնշել, սակայն որևէ ապօրինություն կամ խախտում չեն գտել։

«Այսուհետ ես ուղղակի արգելում եմ այլևս իմ հոր անունը այստեղ տալ, մանավանդ այն համատեքստում, ինչ որ դուք եք տալիս»,- արձագանքել է Վարդանյանը։

Անդրադառնալով Դուբայի հանգստի վերաբերյալ հրապարակմանը՝ պատգամավորը դիմել է Էդգար Ղազարյանին և առաջարկել նմանատիպ հարցեր ուղղել իր քաղաքական առաջնորդին։ Մասնավորապես, Վարդանյանը վկայակոչել է Քելբաջարի (Քարվաճառի) տարածքում տեղադրված էլեկտրական գեներատորների դեպքը, որոնք հետագայում հանվել են այնտեղից, ներկայացվել որպես կորուստ և ստացել պետական աջակցություն։

«Այսուհետ ինչ-որ հարց տալուց, հետևանքների մասին թե ինչ պատասխան կստանաք, խնդրում եմ երկու անգամ մտածել»,- եզրափակել է Ծովինար Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment