Սեպտեմբերի 8-ին Բաղդադում անցկացվել են Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանի և Իրաքի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մուհամմադ Բահր ալ Ուլումի գլխավորությամբ։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին և բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման հնարավոր ուղիներին։
Զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների, կրթության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խթանումը, ինչպես նաև ուղիղ ավիաչվերթերի վերականգնման հնարավորությունը։ Անդրադարձ է կատարվել իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը և միջազգային հարթակներում փոխգործակցությունն առավել սերտացնելու հեռանկարներին։
Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Միջին Արևելքում արձանագրված վերջին զարգացումների, ինչպես նաև միջազգային օրակարգում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ։
Քաղաքական խորհրդակցությունների ավարտին անցկացվել է երկու հուշագրերի ստորագրման արարողություն։ Դրանք վերաբերել են երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Իրաքի Հանրապետության ԱԳՆ արտաքին ծառայության ինստիտուտի միջև համագործակցությանը։