Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը НСН-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների մեղմացման հնարավորությանը։ Նրա խոսքով՝ դա տեղի չի ունենա, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության գլուխ, գրում է lenta.ru-ն։
Զատուլինը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների վատթարացումը պայմանավորված է Երևանի վարած քաղաքական կուրսով, որը, նրա գնահատմամբ, փորձում է դաշինքներ կնքել Մոսկվայի հակառակորդների հետ։
«Չնայած պարբերական շփումներին՝ հարաբերությունների մեղմացում չի լինի, քանի դեռ Փաշինյանը մնում է իշխանության գլուխ», – հայտարարել է պատգամավորը։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չի ենթարկվի «Հայաստանի շանտաժին»։ Միաժամանակ Զատուլինը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը չի անցկացնի Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե, քանի որ վախենում է քվեարկության արդյունքներում պարտություն կրելուց։