ԱՄՆ պետդեպը 20 մլն դոլար է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար

Բաժանորդագրվել

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության փաստաթղթում ընդգծվում է, որ Իրանը շարունակում է մնալ միջուկային զենք չունեցող միակ պետությունը, որն ուրանի հարստացում է իրականացնում այդքան բարձր մակարդակով։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է առաջարկել և խոստացել է աջակցել արտերկիր մեկնելուն այն անձանց, որոնք տեղեկություններ կտրամադրեն Իրանի միջուկային ծրագրի մասին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը։

Իրանի միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտների, սարքավորումների, տեղաշարժերի և աշխատակիցների մասին տեղեկությունների դիմաց պարգևավճարի տրամադրումը նախատեսված է ԱՄՆ պետդեպարտամենտի «Պարգևատրում արդարադատությանն աջակցելու համար» ծրագրով։

ՄԱԳԱՏԷ-ի 2025 թվականի տվյալներին հղում անելով՝ նշվում է, որ Իրանը ուրանը հարստացնում է մինչև 60 տոկոս մաքրության մակարդակով, ինչը միայն փոքր-ինչ է զիջում միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ 90 տոկոսին։

Փաստաթղթում նաև նշվում է, որ Իրանը «միջուկային զենք չունեցող միակ պետությունն է, որն ուրանը հարստացնում է այդքան բարձր մակարդակով»։ Փորձագետների գնահատմամբ՝ ուրանի այդ քանակությունը «կարող է բավարար լինել միջուկային զենքի մի քանի միավոր ստեղծելու համար», եթե հարստացման գործընթացը շարունակվի։

Leave a comment