Ղազարյան․ ՀՀ իշխանությունը ռիսկեր է ստեղծել այն պահին, երբ ԵԱՏՄ-ն արագ զարգացման փուլում է

Այս պահին ՀՀ կառավարությունը ռիսկեր է ստեղծել մեր ամբողջ տնտեսության, տնտեսվարողների համար հատկապես այն շրջանում, երբ ԵԱՏՄ–ն արագ զարգացում է ապրում։ Այդ մասին այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Հանձնաժողովն այսօր քննարկում էր ԵԱՏՄ–ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացման հարցը։

Ղազարյանի խոսքով` ճիշտ է` Ինդոնեզիայի հետ մեր առևտուրը համեմատաբար փոքր է, սակայն այն կարևոր ուղղություն է ԵԱՏՄ–ի հետ Հայաստանի դիրքավորման իմաստով։

«Եթե Հայաստանը ԵԱՏՄ անդամ չլիներ, չէր կարող Ինդոնեզիայի հետ առանձին ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել։ Այսինքն, այս պահին ՀՀ կառավարությունը ռիսկեր է ստեղծել մեր ամբողջ տնտեսության, տնտեսվարողների համար հատկապես այն շրջանում, երբ ԵԱՏՄ–ն արագ զարգացում է ապրում»,– ընդգծեց Ղազարյանը։

Նախորդ տարի ԵԱՏՄ–ն վավերացրեց Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը, ընդ որում ՀՀ–ն միակ երկիրն է, որ Իրանի հետ ունի ցամաքային սահման, որը հիմա, ըստ Ղազարյանի, ՀՀ կառավարությունը վտանգել է։

«Եթե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Աստված չանի, իրականություն դառնա, որը մենք ամեն կերպ կխափանենք, Տիգրանաշենի հանձնումը Ադրբեջանին կնշանակի այդ հատվածից փակել Երևան–Մեղրի միջպետական ճանապարհը և այդ հսկայական շուկայի հնարավորություններն ու հասանելիությունը»,– հայտարարեց պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ ԵԱՏՄ–ն հիմա շատ արագ հարաբերություններ է զարգացնում Հնդկաստանի, Չինաստանի հետ, իսկ ՀՀ կառավարությունն ինքն ի վիճակի չէ ինքնուրույն հարաբերություններ զարգացնել այդ երկրների հետ, և ԵԱՏՄ–ն դա ինքն է անում իր գործիքակազմով։

«ՀՀ կառավարությունը խնդիր է ստեղծել հատկապես մեր տնտեսվարողների առաջ, որի արդյունքում Հայաստանը կարող է առհասարակ դուրս գալ ԵԱՏՄ–ից` իր արկածախնդրային քաղաքականությունից ելնելով»,– եզրափակեց պատգամավորը։

ՔՊ պատգամավոր Արամ Խաչատրյանին դուր չեկան Ղազարյանի այս խոսքերը, և նա կոչ արեց նման անհիմն հայտարարություններ չանել ու, ընդհանրապես, Էդգար Ղազարյանը չգա այս հանձնաժողովի նիստերին ու աշխատանքները չխաթարի։

Նշենք, որ Ղազարյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է։

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Տրդատ Սարգսյանը հայտարարեց, որ ոչ մի վիրավորական խոսք Ղազարյանի կողմից չի հնչել և առաջարկեց` փոխադարձ հարգանքի մթնոլորտում յուրաքանչյուրն իր առաջարկն անի։

ԵԱՏՄ անդամ Հայաստանի ԱԺ–ն 2025 թվականի մարտին ընդունեց Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը։ Նույն թվականի ապրիլին այն հաստատեց հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։

2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում էր Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14%-ը։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը։

Sputnik Արմենիա

Leave a comment