«Ինքնին խոսուն է այն հանգամանքը, որ մինչեւ Փաշինյան-Պուտին հանդիպումը Ուշակովի կողմից նման հայտարարություն է հնչում». Լեւոն Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը տեղեկություն չունի՝ Բիշքեկում կայացած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է ՀՀ ընդդիմադիր առաջնորդների կալանավորումների հարցը․ այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ մինչ հանդիպումը ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Ուշակովն էր հայտարարել՝ հարցը երկու երկրների ղեկավարների քննարկման թեմա է լինելու։ Լրագրողը հիշեցրեց՝ հանդիպման հրապարակային մասում այդ թեմային անդրադարձ չեղավ եւ հետաքրքրվեց՝ մինչեւ տարեվերջ կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպման ընդառաջ հնարավո՞ր է նախագահ Քոչարյանի կալանքի փոփոխություն։

«Ինքնին խոսուն է այն հանգամանքը, որ մինչեւ Փաշինյան-Պուտին հանդիպումը Ուշակովի կողմից նման հայտարարություն է հնչում։ Մենք տեղեկություն չունենք՝ նման հարց քննարկվե՞լ է, թե՝ չի քննարկվել»,- ասաց Լեւոն Քոչարյանը՝ դժվարանալով կանխատեսել՝ մինչ Պուտին-Փաշինյան հաջորդ հանդիպումը կլինի՞ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխություն։

Ինչ վերաբերվում է հարցին, թե ինչո՞ւ ԱԺ պատգամավորներին չի թույլատրվում տեսակցել երկրորդ նախագահին, փաստաբան Հովհաննես Խուդոյանը պարզաբանեց, որ դատախազությունն է որոշել՝ սահմանափակել նախագահի տեսակցությունները բոլորի հետ, բացի մերձավոր ազգականներից, իսկ բոլորի մեջ մտնում են նաեւ ԱԺ պատգամավորները։ Արգելքի իրավական հիմքերը, ըստ փաստաբանի հստակ չեն, հիմնված են քրեական օրենսգրքի ինչ-ինչ հոդվածների կամայական մեկնաբանությունների վրա։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment