«Ընդհանրապես հեղափոխությունն անում են գործող իշխանության դեմ՝ բողոքելով եւ դժգոհելով, հիմա այս իշխանությունն ինքն իրենից ե՞ւս դժգոհ է։ Դրանք պատահական խոսքեր չեն, այսինքն՝ ինքն էլ է անիծում այդ օրը»,- «Հայելի» ակումբում նշեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, թե եղել են օրեր, որ անիծել է այն օրը, երբ դարձել է վարչապետ։
«Ինչո՞ւ է Փաշինյան Նիկոլի հոգին տենչում հեղափոխության, շատ պարզ պատճառով… Ովքեր չգիտեն, կարող են կարդալ՝ հեղափոխության ժամանակ ամբողջովին դեն է շպրտվում գործող Սահմանադրությունը, քաղաքացիական համակարգի բոլոր նորմերը, եւ գործում է այսպես կոչված հեղափոխության օրենքը՝ ինչ կուզենք, կանենք… Հիմա, երբ հեղափոխություն չկա, Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը կառավարման ստաբիլ վիճակի չեն տիրապետում, դրա համար տենչում են հեղափոխության: Բայց անհասկանալի է՝ թե ում դեմ։ Նիկոլ Փաշինյանը ինքն իրե՞ն պետք է ծեծի, հիմա ո՞ւմ է ուզում գահընկեց անել… Հավանաբար, միջազգային հանրությունն արդեն ասում է, որ այդպես չի կարելի, ակնհայտորեն մարդու արհամարհում է Հայաստանում տեղի ունենում։ Չի բացառվում, որ գոյություն ունի այդ սցենարը՝ նրան փոխելու եւ մեկ այլ անձի պատրաստելու»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։
Նրա ձեւակերպմամբ, 2020թ. Նիկոլ Փաշինյանը պատերազմ հրահրեց, եւ հիմա էլ նոր հեղափոխության տենչանքի վերջը կարող է հրավիրատոմս լինել Ադրբեջանին նոր պատերազմ սկսելու համար։
«Ցավով ուզում եմ փաստել, որ Հայաստանում իրավական կամայականությունների այս վիճակը տեղի է ունենում կանանց նուրբ ձեռքերով… Երբեւէ չենք ունեցել այդքան կին՝ արդարադատության նախարար, ՆԳ նախարար, գլխավոր դատախազ, մարդու իրավունքների պաշտպան… ՆԳ տիկին նախարարուհին շողոքորթում է Հակոբյան Աննային՝ ընդգծելով, որ նրա նախաձեռնությունն է ընտանեկան բռնության մասին նոր օրենք ընդունելը… Տիկին նախարար, այդ օրը, երբ շողոքորթում էիք Աննա Հակոբյանին, նույն օրը ձեր ենթակայության ներքո գործող ոստիկանությունը խոշտանգել է անձին՝ ցուցմունք կորզելու համար, ինչու դրա մասին չեք խոսում, ինչու չեք խոսում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին… Ասում են՝ Աննա Հակոբյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, մի քիչ գրագետ եղեք, ախր միայն մենք չենք կարդում, անհարմար է։ Լավ է՝ երեկ ուղղել են, գրել են՝ մի խումբ կանայք են հանդես եկել»,- հավելեց տիկին Ալավերդյան։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: