Հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործին արդեն իսկ տրված է համար, գործը քննվելու է ՄԻԵԴ-ում, հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
Նա նշել է, որ Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճռի ուսումնասիրությամբ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ են արձանագրվել, իսկ ամբողջ դատավարությունը ֆարս է եղել, հայտնում է Aysor.am-ը:
«Դրա արդյունքը լեգիտիմ չէ, և մենք մեր իրավական փաստարկները ներկայացրել ենք ՄԻԵԴ»,-ասել է Սահակյանը։
Սահակյանը նշել է, որ այդ դատավճիռն էտալոնային է՝ դրանում խախտվել են ոչ միայն իրավական և բարոյական նորմերը, այլև մարդկային ողջամտության ու բանականության սահմանները։
«Այնտեղ տեղ գտած «փաստերն ու ապացույցները» ու դրանց հիման վրա կատարված եզրահանգումներն ուղղակի չեն տեղավորվում բանականության տիրույթում»,-ասել է Սահակյանը:
Նա նշել է, թե Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ մեղադրանքներ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն, քանի որ չի հաստատվել նրա մասնակցությունն իրեն վերագրված հանցանքներին։
Նա նաև հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանի իրականացրած բարեգործական գործունեությունը ներկայացվել է որպես հանցավոր գործունեություն։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանի կողմից ևս որակվել է որպես հանցավոր գործունեություն, իսկ նախաձեռնության շրջանակներում դափնեկիրներն ընկալվել են որպես հանցավոր կազմակերպության անդամներ»,-ասել է իրավաբանը:
Սահակյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանը դեռ պաշտոնապես չի պատասխանել Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնած պատվիրակության Բաքու այցը կազմակերպելուն աջակցելու խնդրանքին, հայտնում է Sputnik Արմենիան:
«Հարցը քննարկման փուլում է, ակնկալում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում ՀՀ-ն դիրքորոշում կձևավորի»,- ասել է Սահակյանը։
Իրավապաշտպանը հիշեցրել է, որ առանց պետական աջակցության հնարավոր չէ ոչ միայն պատվիրակության այց կազմակերպել Բաքու, այլև մուտք ունենալ փակ հաստատություն և անձնական իրեր փոխանցել հայ գերիներին։
Հուլիսի 8-ին Վերոնիկա Զոնաբենդը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։
Օգոստոսի 7-ին հայտնի է դարձել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ՀՀ ԱԳՆ-ի միջոցով հանդիպում կազմակերպել Զոնաբենդի հետ։ Նշվել է նաև, որ Ռուբեն Վարդանյանի կնոջը տրամադրվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները, որպեսզի հանդիպումը կազմակերպվի իրեն հարմար ժամանակ։ Ավելի ուշ Զոնաբենդը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից որևէ մեկն այդ պահի դրությամբ իր հետ կապ չի հաստատել։