150 թուրք գործարարներ Հայաստանում մասնակցել են ԵՄ-ի դրամաշնորհով համաժողովի

150 թուրք գործարարներ Հայաստանում երկօրյա տնտեսական ֆորումի են մասնակցել հայ գործարարների հետ։ Այս միջոցառման համար դրամաշնորհ է տվել Եվրամիությունը, ընդ որում` հոգալով միայն թուրքերի ծախսերը։ Այդ մասին գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթը գրել է, որ 150 թուրք գործարարների հետ ֆորումը Հայաստանում անցկացվել է «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում, իսկ կազմակերպիչը եղել է Արդյունաբերողների և գործարարների միությունը, որն էլ հենց դրամաշնորհ է ստացել Եվրոպամիությունից` հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ու միջսահմանային կապերի ամրապնդման թեմայով։

Թերթի տվյալներով` հայկական կողմը չի մասնակցել թուրք գործարարների ընտրությանը, անգամ այցելուների քանակը չի որոշել: Ինչ վերաբերում է հայ գործարարներին, ապա հաստատվել է 140 անձի մասնակցություն, սակայն ֆորումին ներկա են եղել շուրջ 120–ը։

«Թուրքական կողմի բոլոր ծախսերը` ներառյալ սնունդը, Երևանի կենտրոնում հյուրանոցի կեցություն, տեսարժան վայրեր այցելություններ և այլն, հոգացել են դրամաշնորհի միջոցներից, սակայն Հայաստանի մարզերից ժամանած գործարարների գիշերակացի կամ այլ ծախսեր չեն նախատեսվել։ Օրինակ` Մեղրիից կամ Ագարակից մարդիկ իրենց հաշվին են եկել Երևան, իսկ Թուրքիայից եկողներն իրենց գրպանից ոչ մի լումա չեն ծախսել»,– գրել է «Հրապարակը»։

Թե որքան գումար է հատկացրել ԵՄ–ն, հստակ չէ, սակայն թերթի տեղեկություններով այն ավելի քան 100 հազար դոլարի մասին է։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 2–ին Կարսում և հուլիսի 1–ին Վանում տեղի էին ունեցել հայ–թուրքական գործարար հանդիպումներ։ Հանդիպումներին հիմնականում քննարկվել են համագործակցության հնարավորությունները տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում։

Հիշեցնենք նաև` հունիսի 8-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ առաջիկայում հնարավոր է` Թուրքիայի գործարարների հետ հանդիպում լինի։

Leave a comment