Վարազդատ Լալայանը չպահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը

Չինաստանի Նինբո քաղաքում ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանը ներկայացրեց տղամարդկանց գերծանր քաշային, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը։

Այս առաջնությունում Հայաստանի հավաքականները երկամարտի մեդալ չունեին։ Միայն Ալեքսանդրա Գրիգորյանն էր դարձել հրում վարժության երրորդ մրցանակակիր։ Այնպես որ, բոլորիս հույսն էր, որ գոնե Վարազդատ Լալայանը կպահպանի իր չեմպիոնական տիտղոսը։ Սակայն նա նույնպես հանդես եկավ իր հնարավորություններից ցածր։

Գյումրեցի մարզիկը պոկում վարժությունում 210 կգ արդյունքով բավարարվեց փոքր արծաթով, հրումում ֆիքսեց 247 կգ, որը երրորդ արդյունքն էր եւ երկամարտի 457 կիլոգրամով դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Այսպիսով, Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները միասին Նինբոյում նվաճեցին երկամարտի մեկ բրոնզե, պոկում վարժության մեկ արծաթե եւ հրում վարժության երկու բրոնզե մեդալ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment