Զախարովան Սիմոնյանի հայտարարությունը որակել է որպես ռուսական կողմի և խաղաղապահների ջանքերի ուրացում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ հայտարարություններին։

Զախարովան պնդել է, որ հենց Ռուսաստանն է կանգնեցրել տարածաշրջանում արյունահեղությունը՝ հիշեցնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումն ու ռուս խաղաղապահների տեղակայումը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատերազմի ընթացքում և դրանից հետո ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրել, իսկ խաղաղապահներն ապահովել են խաղաղ բնակչության անվտանգությունը, մարդասիրական օգնություն տրամադրել և իրականացրել ականազերծման աշխատանքներ։

Զախարովան նաև անդրադարձել է 2021-2022 թվականների եռակողմ պայմանավորվածություններին՝ նշելով, որ դրանք շարունակում են ուժի մեջ մնալ, և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն առաջ է ընթանում նաև ռուսական միջնորդների առաջարկների հիման վրա։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է նաև 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպումը՝ պնդելով, որ այդ ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։
Նա քննադատել է Ռուսաստանի անգործության վերաբերյալ հայտարարությունները՝ դրանք որակելով ռուսական կողմի և խաղաղապահների դերակատարության խեղաթյուրում։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 7-ին, Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ 2020 թվականի արցախյան պատերազմի թեժ փուլում ռուսական կողմը որևէ գործուն քայլ չի ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ՝ չնայած հայկական կողմի բազմաթիվ խնդրանքի։

Leave a comment