Euneighbourseast.eu. Ուկրաինայի վերականգնման մասին յուրաքանչյուր քննարկման առանցքում մի պարզ հարց է. ո՞վ է վերականգնելու երկիրը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ Ուկրաինայի երիտասարդության հարցերի նախարարության տվյալներով, 2022 թվականից ի վեր մոտ 1.7 միլիոն երիտասարդ հեռացել է երկրից, հարյուր հազարավորները պաշտպանում են այն առաջնագծում, իսկ մոտ երկու միլիոնը «նի-նի» սերնդի ներկայացուցիչներ են (բառացի՝ ոչ սովորում են, ոչ էլ աշխատում, ոչնչով չեն զբաղվում):
Կառավարությունն այժմ փնտրում է իր միջազգային գործընկերների, նախեւառաջ՝ ԵՄ-ի աջակցությունը՝ այս սերնդի համար իրապես խաղաղ ապագայի հիմք ապահովելու համար, երբ պատերազմը ավարտվի, անկախ նրանից, թե երբ եւ ինչպես դա տեղի կունենա. որակյալ կրթություն եւ արժանապատիվ աշխատանք աշխատաշուկայում, որը զարմանալիորեն աշխույժ է՝ չնայած ներխուժմանը։
Այս հարցերը քննարկվեցին այս տարվա հունիսի 25-ին Ուկրաինայի վերականգնմանը նվիրված Գդանսկի համաժողովում, որտեղ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ներկայացուցիչ Անդրեաս Շլայխերի, Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) ներկայացուցիչ Պիլվի Տորստիի, ինչպես նաեւ Լեհաստանից, Ուկրաինայից եւ Ճապոնիայից դիվանագետների մասնակցությամբ անդրադարձ կատարվեց վերականգնման գործընթացում կրթության առանցքային դերին ։
Սակայն այս փաստարկն առավել համոզիչ կերպով Գդանսկում Տորստիի մասնակցությամբ անցկացված առանձին սեմինարի ժամանակ ներկայացվեց երկու երիտասարդ ուկրաինացիների կողմից, որոնց պատմություններն արտացոլում են մի ամբողջ սերնդի առջեւ ծառացած ընտրությունը։
Այս զույգն արտացոլում էր երկրի երիտասարդության երկու փոխկապակցված տեսանկյունները։ Դրանցից մեկն Ուկրաինայից դուրս գտնվողներինն է, ինչպիսին է 17-ամյա Անաստասիան, որը Կրակովում հիմնել է ՀԿ՝ թե՛ հայրենիքում, թե՛ վտարանդիության մեջ գտնվող ուկրաինացի երիտասարդներին աջակցելու համար։ Իսկ մյուսը երկիրը երբեք չլքածներինն է, ինչպիսին է 22-ամյա Ռուսլանը՝ պատերազմի վետերան, որի քաղաքացիական կյանք վերադառնալու պատմությունը իսկապես մարդկային երանգ հաղորդեց ինչ-որ չափով ծեծված «դիմակայունություն» եզրույթին։
Եվրահանձնակատար Մարտա Կոսը ստորագրման արարողության ժամանակ՝ Amber Expo-ում, 2026 թվականի հունիսի 25-ին, Գդանսկում, Լեհաստան։ Լուսանկար՝ Պյոտր Մատուսևիչ / Եվրոպական հանձնաժողով
Դիմակայունությունը, սակայն, լոկ անձնային որակ չէ. Ուկրաինայի համար այն տնտեսական անհրաժեշտություն է եւ առաջացնում է գործնական հարց․ ի՞նչ տեսակի աշխատանք է իրականում անհրաժեշտ երկրին։ Ուկրաինայի ապագա աշխատաշուկայի ուրվագծերն արդեն տեսանելի են։ Ուկրաինայի Ազգային բանկի ձեռնարկությունների վերաբերյալ եռամսյակային հարցման համաձայն՝ ուկրաինական ընկերությունների կեսը նշում է, որ աշխատուժի պակասը խոչընդոտում է իրենց բիզնեսի զարգացմանը, իսկ կառավարության կողմից այս տարի հրապարակված աշխատաշուկայի առաջին երկարաժամկետ կանխատեսումը գնահատում է, որ մինչեւ 2036 թվականը տնտեսությանն անհրաժեշտ կլինի մոտ 2.6 միլիոն նոր աշխատող։
Կանխատեսման առանցքում վերակառուցման հարցն է. շինարարների պահանջարկը կարող է ավելի քան կրկնապատկվել՝ 2025 թվականի մոտ 520,000-ից հասնելով ավելի քան 1.2 միլիոնի, ինչպեսեւ ինժեներների, ճարտարապետների, բժիշկների, վերականգնողական մասնագետների եւ հոգեբանների պահանջարկը։ Վերջին երկուսը հիշեցում են, որ երկրի վերականգնումը նաեւ նրա ժողովրդի վերականգնման հոմանիշն է։
Վերակառուցումն ակնհայտ ցավոտ կետ է: Միջազգային էներգետիկ գործակալությունը նշում է, որ Ուկրաինայի աշխատուժի մեկ քառորդից ավելին կորցրել է իր աշխատանքը զինվորական ծառայության կամ տեղահանության պատճառով, որոշ շինարարական ընկերություններում պակասը հասնում է մինչեւ 40%-ի, եւ կանխատեսվում է ավելի քան 500,000 որակավորված աշխատողների պակաս, քանի որ երկիրը վերանորոգում է իր էլեկտրական ցանցը եւ արդիականացնում շենքերը ԵՄ չափանիշներին համապատասխան: Այնուհետեւ գալիս են ուսուցիչները, թվային մասնագետները, իրավաբանները եւ պաշտոնյաները, ովքեր ստիպված կլինեն տիրապետել ԵՄ կանոններին՝ անդամակցության գործընթացի առաջխաղացմանը զուգընթաց: Աշխատատեղեր կլինեն: Իսկ թե կլինեն արդյոք բավականաչափ եւ ճիշտ պատրաստվածությամբ երիտասարդներ, այլ հարց է:
Հենց այդ բացը լրացնելու համար էլ նախատեսված է ԵՄ երիտասարդական երաշխիքը (EU Youth Guarantee). անդամ պետությունները պարտավորվում են յուրաքանչյուր երիտասարդի առաջարկել որակյալ աշխատանք, շարունակական կրթություն, աշկերտություն կամ պրակտիկա դպրոցն ավարտելուց կամ գործազուրկ դառնալուց հետո չորս ամսվա ընթացքում։
«Ինձ համար Երիտասարդական երաշխիքը միայն երիտասարդների զբաղվածության եւ աշկերտության մասին չէ։ Այն ԵՄ ինտեգրման մասին է. դա մեր հնարավորությունն է ցույց տալու, որ մենք ունակ ենք այդ ճանապարհով գնալու։ Կլինեն մարտահրավերներ, գուցե նաեւ ձախողումներ, բայց սա է մեր ապագան»,- ասում է Պետական զբաղվածության ծառայության միջազգային համագործակցության վարչության տնօրեն Դարիա Անդրիունինան։
ԵԿՀ տնօրեն Պիլվի Տորստին 2013 թվականին Ֆինլանդիայում այդ երաշխիքի գործարկման ճարտարապետներից է՝ նախքան այն կվերածվեր Միության լայնածավալ քաղաքականության, իսկ վերջերս՝ անդամակցության թեկնածուների համար, ինչպիսիք են Ուկրաինան, Մոլդովան եւ Արեւմտյան Բալկանների պետությունները, նախապայմանի առաջ մղողը։
Իր խոսքը եզրափակելով՝ Տորստին, ով 2013-2023 թվականներին զբաղեցրել է Ֆինլանդիայի երեք տարբեր նախարարություններում պետքարտուղարի պաշտոնը, հստակ նշում է. «Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը երիտասարդներին ասում է, որ իրենք ապագան են, նրանք պետք է պատասխանեն. «իրականում մենք ներկան ենք։ Գործողությունները սկսվում են հիմա»»։
Անաստասիան եւ Ռուսլանը, ինչպես նաեւ Յուլիան Կրիցակը եւ Օլենա Պոդոբիեդ-Ֆրանկիվսկան՝ Ուկրաինայի քաղաքացիական հասարակության առաջատար երիտասարդ գործիչներից երկուսը, համաձայն են Տորստիի հետ։
Կրիցակը բազմամշակութային Անդրկարպատներում գտնվող «3.5%» ՀԿ-ի համահիմնադիրն է։ ՀԿ-ն իր անունը ստացել է ի պատիվ այն տեսության, որ այս չափի ակտիվ փոքրամասնությունը կարող է հասարակական փոփոխություններ իրականացնել իր սեփական գործողությունների միջոցով։
Պոդոբիեդ-Ֆրանկիվսկան Ուկրաինայի ազգային երիտասարդական ասոցիացիայի (NUMO) գործադիր տնօրենն է, որը երկրի երիտասարդական ասոցիացիաների հովանոցային մարմինն է: Ուկրաինական իրադարձությունների ուշադիր հետեւորդները կարող են նրան ճանաչել Եվգենի Աֆինեեւսկու հայտնի «Ձմեռը կրակի մեջ» վավերագրական ֆիլմից, որը պատմում է Ուկրաինայում որպես «Արժանապատվության հեղափոխություն» հայտնի Եվրամայդանի բողոքի ցույցերի մասին։
Օլենան 2013 թվականին հրապարակում կանգնած հարյուր հազարավոր երիտասարդ ուկրաինացիների շարքում էր, եւ նա հիշեցնում է մեզ, որ մինչ այդ «Ուկրաինայում երիտասարդական քաղաքականության համար որեւէ շրջանակ չկար՝ հին խորհրդային դոգմաներից բացի», ինչպիսիք են պիոներները կամ կոմսոմոլը՝ այլեւս գոյություն չունեցող աշխարհի մասունքները։
Վերջին տասնամյակում եղել են բարելավումներ, բայց Օլենան մտաբերում է. «Միջազգային աշխատաժողովների ժամանակ ես հաճախ եմ հանդիպում դեպքերի, երբ եվրոպացի գործընկերները ենթադրում են, թե Ուկրաինան երիտասարդական քաղաքականության ոլորտում գրեթե մեկ դար փորձ ունի, ինչպես մի քանի եվրոպական պետություններ, մինչդեռ իրականում խոսքը հազիվ տասը տարվա մասին է, եւ մեր հիմնական կարիքը երիտասարդական ենթակառուցվածքների ընդլայնումն է, որպեսզի այդ քաղաքականությունը կարողանա իրապես աշխատել»։
Այս ամենին գումարվում է պատերազմի անմիջական ազդեցությունը։ Բրիտանական խորհրդի 2024 թվականի նոյեմբերին անցկացված ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդ ուկրաինացիներն ընդհանուր առմամբ հակված են խուսափել երկարաժամկետ պլանավորումից՝ հազվադեպ նայելով առաջիկա մեկ ամսից այն կողմ, քանի որ ապագայի հանդեպ նրանց հույսերը մնում են շարունակվող պատերազմի արդյունքի պատանդ։
Միեւնույն ժամանակ, աճող անջրպետ է առաջացել երկրում մնալու որոշում կայացրած երիտասարդների եւ այն լքածների միջեւ, ընդ որում՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական, որն առավելապես խթանվում է սոցիալական ցանցերի կողմից։ «Ես հասկանում եմ որոշ մարդկանց հիասթափությունը հեռանալու որոշում կայացրածների նկատմամբ»,- բացատրում է Յուլիանը, ով 28 տարեկան է եւ երբեք չի մտածել Տրանսկարպատները լքելու մասին։ «Երբեմն դա նույնիսկ ոչ գիտակցական մեխանիզմ է՝ կոչված ամրապնդելու մնալու ձեր սեփական վճռականությունը։ Բայց ես բացահայտ թշնամանք չեմ տեսնում եւ չեմ կարծում, որ այս պառակտումը կբորբոքվի պատերազմից հետո, եթե որեւէ քաղաքական ուժ չփորձի արհեստականորեն շահագործել այն հանուն իր սեփական շահի»։
Միլիոնավոր ուկրաինացիներ, այդ թվում՝ երիտասարդների զգալի մասը, պատերազմի հետեւանքով այժմ հանգրվանել են արտասահմանում: «Մեզանից շատերը սպասում են այդ ուկրաինացիների վերադարձին»,- ասում է Օլենան, — «բայց ես չեմ կարծում, որ նրանց մեծ մասը կվերադառնա՝ անկախ ուկրաինական հասարակության եւ կառավարության հույսերից: Ուկրաինացիները շատ հեշտությամբ են հարմարվում արտասահմանում, եւ նրանք դարձել են արժեքավոր ռեսուրս իրենց ընդունող երկրների համար: Դժբախտաբար, ես չեմ տեսնում [ինքնին բաժանված, խմբ.] ուկրաինական սփյուռքին ուղղված որեւէ կառուցվածքային ջանք, բայց, այնուամենայնիվ, սա պետք է ավելի ու ավելի առաջնահերթ դառնա»:
2014 թվականից ի վեր, բայց ավելի շատ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից եւ ԵՄ անդամակցության բանակցությունների պաշտոնական մեկնարկից հետո Ուկրաինայի հիմնական մարտահրավերներից մեկը տարիների դիմադրությունից հոգնած բնակչության համար բարեփոխումների արդյունքները շոշափելի դարձնելն է։ «Եվրոպական ինտեգրումն իմաստալից է դառնում ոչ թե այն ժամանակ, երբ օրենսդրությունն ընդունվում է, այլ երբ երիտասարդները կարողանում են նոր հնարավորություններ տեսնել իրենց կյանքում։ Մեր խնդիրը երիտասարդ ուկրաինացիներին համոզելը չէ մնալ կամ վերադառնալ, այլ ստեղծել այն պայմանները, որոնց առկայության պարագայում նրանք կորոշեն դա անել։ Ներդրումներ կատարելով կրթության, հմտությունների եւ որակյալ զբաղվածության մեջ՝ մենք ներդրում ենք կատարում այն սերնդի մեջ, որը կառաջնորդի Ուկրաինայի վերականգնումը եւ կամրապնդի նրա տեղը ԵՄ-ում»,- ասում է Անդրիունինան։
Ինչպես հայտնի է, 2022 թվականին Ուկրաինայի կառավարությունը ստիպված եղավ արգելել 18-ից 60 տարեկան տղամարդկանց լքել երկիրը։ Երբ 2025 թվականի օգոստոսին կանոնները մեղմացվեցին 18-ից 22 տարեկան տղամարդկանց համար, սահմանապահ ծառայության տվյալները գրանցեցին մոտ 96,000 մեկնում երեք ամսվա ընթացքում՝ մոտավորապես յուրաքանչյուր յոթերորդ տղամարդը այս տարիքային խմբում՝ ըստ Ուկրաինայի տնտեսական ռազմավարության կենտրոնի։ Սակայն այս թվերը հաշվի են առնում սահմանային անցումները, այլ ոչ թե վերջնական մեկնումները. դրանք չեն արտացոլում, թե քանի մարդ է հետագայում վերադարձել կամ արդյոք նույն անձը մեկից ավելի անգամ հատել է սահմանը։
Kyiv Independent-ի «Երիտասարդության գաղթ» վերտառությամբ վերլուծությունը հիմնված է Robota.ua հավաքագրման հարթակի կողմից անցկացված հարցման վրա. ուկրաինական ընկերությունների 71%-ը հայտնել է կառավարության որոշումից հետո երիտասարդ աշխատակիցների շրջանում աշխատանքից ազատման դիմումների աճի մասին, իսկ 38%-ն այդ ազատումները նշանակալի են համարել: Ամենաշատը տուժել են վաճառքների ու հաճախորդների սպասարկման ոլորտները։ Նույնիսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը՝ իր բարձր աշխատավարձերով եւ որակյալ աշխատատեղերով, ամենաշատ տուժածների շարքում է:
Այս ամենը սրում է տաղանդների պակասը, որը գոյություն ուներ նույնիսկ կանոնների փոփոխությունից առաջ, եւ հատկապես սուր է տղամարդկանց գերիշխող ոլորտներում, ինչպիսին է մետաղագործությունը, որտեղ ընկերությունները վերապատրաստում են կանանց ավանդաբար տղամարդկանց կողմից զբաղեցվող աշխատատեղերի համար: Սա մեղմել է բացը, բայց չի վերացրել այն ամբողջությամբ, իսկ հարցված ընկերությունների կեսից ավելին հայտնում է, որ երիտասարդ աշխատակիցներ գտնելը զգալիորեն ավելի դժվար է դարձել:
Պիլվի Տորստին՝ Գդանսկում 2026 թվականի Ուկրաինայի վերականգնման համաժողովի (URC) պանելային քննարկման ժամանակ։ Լուսանկար՝ Անդրեա Բրասչայկո/OBCT
Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) հետազոտությունը ցույց է տալիս, որ ուկրաինացի փախստականները՝ երիտասարդ եւ տարեց, ամենեւին էլ բեռ չեն իրենց ընդունող երկրների համար: Օրինակ՝ Լեհաստանում, ըստ գնահատականների, նրանք 2024 թվականին ստեղծել են երկրի ՀՆԱ-ի 2.7%-ը: Ահա թե որտեղ են մրցակցող շահերը Ուկրաինայի կառավարության (որը ցանկանում է վերադարձնել այն երիտասարդներին, որոնց օգնել է կրթել) եւ ԵՄ (որոշ) անդամ պետությունների միջեւ (որոնք ունեն բոլոր խթանները պահպանելու որակավորված եւ արդեն սոցիալապես ինտեգրված աշխատուժը):
Այս երկու գործունեության ոլորտների միջեւ է գտնվում Եվրոպական կրթական հիմնադրամի աշխատանքը, որը, Ուկրաինայի կառավարությանը տարբեր տեսակի աջակցություն տրամադրելուց բացի (տվյալների հավաքագրումից եւ ԵՄ ժամանող ուկրաինացիների համար օգնության միջոցառումներից մինչեւ կրթական քաղաքականության եւ աշխատանքային բարեփոխումների վերաբերյալ խորհրդատվություն, այդ թվում՝ վերոնշյալ երիտասարդական երաշխիքը), նաեւ համագործակցում է ԵՄ անդամ պետությունների հետ համատեղ նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին է «Թիմ Եվրոպա»-ն։
ԵԿՀ տնօրեն Տորստին նշում է. «Մեր դերն այն է, որ հանդես գանք որպես երկարաժամկետ գործընկեր՝ ապահովելով ապացույցներ եւ երկխոսության տարածք, միավորելով տարբեր գործիչների, եւ Երիտասարդական երաշխիքը դրա լավ օրինակ է։ Այն ներդրվել է ԵՄ բոլոր անդամ պետություններում՝ յուրաքանչյուրում առաջարկելով տարբեր փորձ եւ ավելացված արժեքի տարբեր ձեւեր»։ Ուկրաինան, իր հերթին, ցանկանում է ծրագրի տարիքային սահմանը 30-ից բարձրացնել մինչեւ 35՝ Երիտասարդության եւ սպորտի նախարարության հսկողության ներքո։ Սա ընդգծում է վնասը սահմանափակելու անհրաժեշտությունը այն սերնդի համար, որը կարելի է անվանել «կիսակորսված սերունդ»։ Պոդոբիեդ-Ֆրանկովսկան նշում է, որ «մինչ այլ երկրներում երեխաները եւ դեռահասները համավարակի ժամանակ հեռավար սովորել են ընդամենը երկու տարի, Ուկրաինայում մենք արդեն ունեցել ենք վեցը՝ մի սերունդ, որը նույնիսկ իր սոցիալականացման ձեւով բոլորովին այլ է՝ նախորդի համեմատ»։
«Ավելի բախտավոր» երիտասարդ ուկրաինացիների համար, ովքեր սովորել կամ աշխատել են Եվրոպայում, բացվել են նաեւ տարբեր ճանապարհներ, մասնավորապես՝ մնա՞լ, թե՞ գնալ։ «Ուղեղների արտահոսքը շատ բարդ, բազմաչափ խնդիր է, մինչդեռ որոշ երկրներ նույնպես ուղեղների ներհոսք են ապրում»,- բացատրում է Տորստին եւ շարունակում. «Պարզապես մտածեք գիտելիքների փոխանցման մասին։ Դա միակողմանի գործընթաց չէ, եւ մենք խոսում ենք ոչ միայն հասարակությունների, այլեւ անհատների մասին, այդ իսկ պատճառով այս հարցում բարոյական մոտեցումն անօգուտ է։ Որպես ԵՄ գործակալություն, որը աշխատում է Եվրոպական հանձնաժողովի առաջնահերթություններին համապատասխան, բայց նաեւ՝ հանուն ԵՄ հարեւանների բարգավաճման, մեր նպատակն է այդ փոխադարձ օգուտը սնուցել տվյալների եւ քաղաքականության վերաբերյալ խորհրդատվության միջոցով»։
Տորստին հիշում է «լեհ սանտեխնիկի» առասպելը, որը լրատվամիջոցներում հորինվել էր 2004 թվականի ԵՄ ընդլայնումից առաջ, որի արդյունքում նախկին «երկաթե վարագույրից այն կողմի» տասը նոր երկիր, ինչպես նաեւ Մալթան եւ Կիպրոսը միացան ԵՄ-ին. մի առասպել, որը հետագայում հիմնովին հերքվեց։
Յուլիան Կրիցակը հատկապես գոհ է «Եվրոպական սոցիալական հիմնադրամ Պլյուս»-ը (ESF+) Ուկրաինայի համար բացելու վերջին որոշումից։ «ԵՄ հիմնական հաստատությունների եւ շահագրգիռ կողմերի հետ գործընկերությունը, մասնավորապես՝ միջազգային նախագծերի միջոցով, օգնում է մեզ ձեռք բերել ԵՄ փորձագիտական գիտելիքներն ու փորձը ԵՄ ինտեգրման ճանապարհին։ Օրինակ՝ առանց երիտասարդական երաշխիքի մենք չէինք ունենա «նի-նի» սերնդի վրա կենտրոնանալու շրջանակ, այդ իսկ պատճառով այս գործընկերությունները կարեւոր են Ուկրաինայի երիտասարդների նոր սերնդի բացահայտման եւ աջակցության համար»։
Կրիցակը պնդում է, որ եվրոպական աջակցությունը կարեւոր է ոչ միայն ներգրավված գումարի, այլեւ, առաջին հերթին, փորձագիտության տեսանկյունից։ «ԵԿՀ-ի նման կազմակերպությունները մեզ ամենաշատն են օգնում այս հարցում՝ հասանելիություն տալով Ուկրաինայի բարեփոխումների համար անհրաժեշտ գիտելիքներին ոչ միայն անհատական փորձագիտության միջոցով, այլեւ որպես մի ամբողջ շրջանակի եւ առաջարկությունների ուղի, որը կարեւոր կլինի, երբ մենք վերջապես հասնենք ԵՄ անդամակցությանը», — ասում է նա։
Այսպիսով, ե՞րբ է տեղի ունենալու այդ անդամակցությունը։ Այս շարքի նախորդ մասերում ուրվագծվել է, թե Ուկրաինան ներկայումս ինչ վիճակում է ԵՄ-ին անդամակցելու իր ճանապարհին, որն անխուսափելիորեն ձեւավորվել է շարունակվող պատերազմի անորոշությամբ եւ դրա վերջնական արդյունքով։
Բայց ե՞րբ են ուկրաինացիներն իրենք ցանկանում միանալ ԵՄ-ին։ Կրիցակի պատասխանը հարցը բաժանում է երկու մասի։ «Որպես ուկրաինացի, ես կցանկանայի, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենար. եթե հնարավոր լիներ, նույնիսկ՝ վաղը։ Որպես տնտեսագետ իմ պատասխանն է՝ երբ մենք իսկապես պատրաստ լինենք։ Ես չէի ցանկանա, որ Ուկրաինան միանար մյուսների համեմատ ավելի ցածր կարգավիճակով, քանի որ դա սխալ արդյունք կլիներ բոլորի համար»,- ասում է նա։ Սա նաեւ հղում է կատարում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից այս տարվա սկզբին ներկայացված ծրագրին, որը Ուկրաինային կտար վաղաժամ մուտք ԵՄ ինստիտուտներ, բայց առանց քվեարկության իրավունքի եւ առանց պորտֆել ունեցող հանձնակատարի։ Դատարկ առաջարկ՝ ըստ Կիեւի, որը նախագահ Զելենսկին կտրականապես մերժեց։
Պիլվի Տորստին, իր հերթին, նշում է, որ ԵԿՀ-ի նման ԵՄ մարմիններին վստահված առաքելությունն է աշխատել ԵՄ-ում եւ նրա հարեւանության շրջանակներում երկարաժամկետ կայունության ամրապնդման ուղղությամբ: Այդ հարեւանությունը, իհարկե, տեսանելիորեն ձեւավորվել է վերջին աշխարհաքաղաքական ցնցումներով, որոնք գերազանցում են միայն Մոսկվայի էքսպանսիոնիզմը: Սա դժվար պահ է միջազգային համագործակցության համար, սակայն այն մնում է միակ հասանելի ուղին դեպի համատեղ, խաղաղ եւ, առաջին հերթին, բարգավաճ ապագա Ուկրաինայի երիտասարդների եւ ոչ այնքան երիտասարդների, ինչպես նաեւ Բրյուսելի դռան առաջ դեռեւս սպասող մյուս երկրների համար:
ԵԿՀ-ի տնօրենը նմանատիպ իրավիճակի է բախվել անձամբ իր աշխատանքի ընթացքում Բոսնիա եւ Հերցեգովինայում՝ հարավսլավական հակամարտությունից անմիջապես հետո, որի սպիները դեռեւս տեսանելի են այսօր, չնայած որոշ չափով մեղմացված են տարածաշրջանի՝ եվրոպական ընտանիքին միանալու ընդհանուր վճռականությամբ։
Թերեւս 2013 թվականի աշնանը Կիեւի փողոցներում սկիզբ առած եվրոպական պայքարի առաջին իսկ օրերից դրա առաջին շարքերում հայտնված Օլենա Պոդոբիեդ-Ֆրանկիվսկան ամենալավն է ձեւակերպել գաղափարը. «Մենք ուզում ենք գոյատեւման ռեժիմից անցնել զարգացման ռեժիմի»։
Այդ տեղաշարժի հաջողության հարցը միայն Կիեւում չի որոշվելու։ Կրակովում սովորող, Բեռլինում աշխատող կամ տուն վերադառնալուն սպասող երիտասարդ ուկրաինացիներն արդեն իսկ Եվրոպայի պատմության մի մասն են, եւ այն, ինչ ԵՄ-ն այսօր ներդնում է նրանց մեջ, վաղը կվերգտնի իր նորագույն անդամ պետությունում։ Հիմա, կարծես, ամենահարմար պահն է այդ ճանապարհորդությունը սկսելու համար։
Հեղինակ՝ Անդրեա Բրասչայկո
Բնօրինակ հոդվածը հրապարակվել է իտալերեն OBCT-ի կողմից։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: