Ծառուկյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս (PAN.am)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ ևս 2 ամիս: Այդ մասին դատարանի բակում հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը։

Ծառուկյանի խափանման միջոց կալանքի երկարաձգման մասին հարցը քննվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 3-ին՝ ավելի քան 6 ժամ, գրում է Sputnik Արմենիան:

«Եվս մեկ անգամ հաստատվեց, որ իրավունքի գերակայությունը Հայաստսնում տեղ չունի: Իրականում որևէ ծանրակշիռ փաստարկ չկա, դրանք կանխատեսական դատողություններ են, դատարանին ներկայացված գործի նյութերից որևէ հանգամանք չի հաստատում, որ պարոն Ծառուկյանն ազատության մեջ մնալով կարող է խանգարել գործի քննությանը: Լրիվ մերկապարանոց հայտարարություններ են»,- ասել է Խաչատրյանը:

Նա նշել է, որ նախնական փուլում, երբ քննարկվում էր, որ հնարվոր են որոշակի գործողություններ լինեն և մտահոգություններ կան, որ գուցե խոչընդոտի գործի նախաքննությանը, կրկին պնդում էին, որ նման բան չի կարող լինել: Խաչատրյանը շեշտել է՝ այս փուլում արդեն բոլոր առերեսումներն արվել են ու արդեն խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկար:

Ըստ Էմին Խաչատրյանի՝ այս գործը շատ շուտով դատարան կմտնի: Որոշմանը ծանոթանալուց հետո անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարան:

Հուլիսի 6-ի վաղ առավոտից Քննչական կոմիտեն ՀՀ ԱԱԾ-ի, ՀՀ ՊԵԿ-ի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ միաժամանակյա խուզարկություններ է իրականացրել ԲՀԿ առաջնորդի առանձնատանը, նրան ու նրա ընտանիքին պատկանող ավելի քան 70 ընկերություններում և մասնավոր տարածքներում։ Քննչական գործողություններն ավարտվել են միայն ուշ երեկոյան, որից հետո Ծառուկյանը ձերբակալվել էր, հետո 2 ամսով կալանավորվել: Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արարատցեմենտը և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են ՀՀ կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքը՝ Երևանի քաղաքապետարանին: Դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և մոտ 106 մլրդ դրամ։

Leave a comment