Փաշինյանը՝ Խաչատրյանին պատգարակով տանելու մասին․ «Սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք է տանեին»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խայտառակություն է համարում ոչ թե ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատգարակով տանելու կադրերը, այլ այն աղմուկը, որ ստեղծվել է այդ կադրերի շուրջ։ Նա այդ մասին ասել է ՀՀ կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք է տանեին։ Ես, ընդհակառակը, կարծում եմ, որ այդ տեսարանը տեսնելով` բոլոր կոռուպցիոներները` ներկա և նախկին, կհասկանան, որ որևէ մեկը չպետք է պլստա»,– հայտարարել է Փաշինյանը, գրում է Sputnik Հայաստանը:

Փաշինյանը հորդորել է համացանցում տարածված կադրերը համարել ոչ թե խայտառակություն, այլ հույս, որ մի օր արդարությունը կհաստատվի Հայաստանում։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին:

«Ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգը որևէ պատճառ չուներ չգործելու, եթե այդ գործողության հիմնավորվածությունն իր համար ավելի քան ակնհայտ չլիներ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր աշխատակիցներին` սկսած այդ պատգարակը բռնողներից»,-ասել է նա:

Ըստ նրա` բոլոր այդ մարդիկ ունեցել են շանս, որ գային ու ասեին` մենք մի քանի միլիարդ գողացել ենք պետությունից և ուզում ենք վերադարձնել։

«Այո՛, նրանք պետք է ունեզրկվեն բառիս բուն իմաստով»,– եզրափակել է Փաշինյանը։

Նա անդրադարձել է նաև Խաչատրյանին ներկայացված մեղադրանքին և այն ունեցվածքին, որը դատախազությունը պահանջում է վերադարձնել պետությանը։

«Թվարկված ցանկը լիարժեք լեգիտիմություն է տալիս, որ նման աշխատանքային վաստակ ունեցող մարդուն պետք է շտապ ուղարկել Պալմա դե Մայորկա՝ վերականգնողական հանգստի, հակառակ դեպքում կնշանակի, որ ՀՀ-ն սադիստական պետություն է և կտտանքների է ենթարկում այդ մարդուն։ Իմ անձնական կարծիքը, սակայն, այն է, որ որպես այնտեղ եղած մարդ՝ «Երևան» ՔԿՀ–ն տվյալ դեպքում վատ փոխարինող չի Պալմա դե Մայորկայի կուրորտներին»,– հավելել է Փաշինյանը։

Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել է։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ ԱԱԾ-ականները նրան անկողնուց են հանում և տեղափոխում պատգարակի վրա: Դատական նիստի ժամանակ նա պատգարակով է եղել: ՄԻՊ նախաձեռնությամբ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ դրա հրապարակումից անմիջապես հետո սկսել է հարցի քննարկման ընթացակարգ։ Հարցի հետ կապված հիմնական հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար իրավասու մարմիններից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ։

Leave a comment